«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի ճակատագիրը

Անցած ամիս Ռուսաստանում հերթական անգամ սկսեցին քննարկվել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու հարցը։ Քննարկումների առիթն այս անգամ տվեց ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ով հունիսի 21-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ այդ պայմանագիրը սպառել է իրեն։

Ըստ Իվանովի` պայմանագիրն ի սկզբանե շատ վիճելի էր, և ինքը երբեք չի հասկացել, թե ինչի համար է այն ստորագրվել, քանի որ ամերիկացիներին այդ դասի զենք ընդհանրապես պետք չի էլ եղել, որովհետև նման հրթիռներով նրանք կարող են հարվածի տակ պահել միայն Մեքսիկայի և Կանադայի տարածքը։

Առհասարակ, սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական կողմը նման հայտարարություններով է հանդես գալիս։ 2007 թվականին պայմանագրից դուրս գալու հնարավորության մասին հայտարարել էր նաև Ռուսաստանի ԳՇ պետ Յուրի Բալուևսկին, իսկ Վլադմիր Պուտինն այդ թեմայով առաջին անգամ հայտարարություն արել էր դեռ 2000 թվականին։

Սակայն, չնայած արդեն 13 տարի է անցել այն բանից ի վեր, ինչ Ռուսաստանում նման բարձր մակարդակով սկսեցին խոսել այդ «վիճելի պայամանգրից» դուրս գալու անհրաժեշտության մասին, սակայն փաստացի Ռուսաստանն այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարել, ինչը թվում է բավականին տարօրինակ, քանի որ վիճելի և նույնիսկ վնասակար պայմանագրից դուրս գալու համար 13 տարին ավելի քան բավարար ժամանակահատված է։

Pershing 1A փոքր հեռահարության ամերիկյան հրթիռ

Pershing 1A փոքր հեռահարության ամերիկյան հրթիռ

«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Համաձայն դրա ՝ պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ, 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։

Ոչնչացման ենթակա էին հետևյալ հրթիռները.

Միջին հեռահարության Փոքր հեռահարության
ԽՍՀՄ ՌՍԴ-10 «Պիոներ», Ռ-12, Ռ-14, ՌԿ-55 «ՕՏՌ-22 Տեմպ-Ս», «ՕՏՌ-23 Օկա»
ԱՄՆ «Պերշինգ-2», «BGM-109G» «Պերշինգ-1Ա»

1991-ի հունիսին պայմանագրի կետերը կատարվել էին և Խորհրդային Միությունը ոչնչացրել էր 1846, իսկ Միացյալ Նահանգները՝ 846 հրթիռային համակարգ

Պայմանագիրը դեռ բանակցությունների փուլում ԽՍՀՄ ռազմական շրջանակներում թեժ բանավեճերի տեղիք էր տվել. 1987-ին պաշտոնանկ է արվել պայմանագրի կնքմանը դեմ արտահայտված պաշտպանության նախարար՝ Խորհրդային Միության մարշալ Սերգեյ Սոկոլովը։

Պայմանագրի նշանակության վերաբերյալ հետագա տարիների ընթացքում էլ գոնե հասարակական քննարկումներում այդպես էլ միասնական կարծիք չձևավորվեց։ Շատերն այն համարում են գորբաչովյան «ընդհանուր կապիտուլյացիոն» քաղաքականության մի բաղադրիչ, իսկ ուրիշներն էլ գտնում են, որ «ՓՄՀՀ ոչնչացման մասին» պայմանագիրը ԽՍՀՄ-ին այնուամենայնիվ անհրաժեշտ էր։

Պայմանագրի նշանակությունը ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է լավ պատկերացնել, թե ինչ իրավիճակում է այն կնքվել։ Սառը պատերազմի տարիներին հակամարտող երկու հիմնական կողմերն էլ ի վիճակի էին հակառակորդին լիովին ոչնչացնել՝ զանգվածային միջուկային հարված հասցնելով, սակայն կողմերից և ոչ մեկը չէր համարձակվի նման քայլ անել, քանի որ նման դեպքում հարձակման ենթարկվող կողմը հնարավորություն ուներ պատասխան միջուկային հարված հասցնել, նախքան հարձակվողի հրթիռները կհասնեին իրենց թիրախներին։

Այս իրավիճակում որպես անպատասխան զանգվածային միջուկային հարված հասցնելու հնարավորություն սկսեց դիտարկվել այսպես կոչված «անսպասելի գլխատող հարվածը»։ Այն ենթադրում էր, որ հակառակորդի էլիտան և միջուկային զորքերի կառավարման համակարգը պետք է ոչնչացվեն ավելի շուտ, քան նրանք կհասցնեն ընդունել պատասխան հարված հասցնելու մասին որոշում։ Եվ Եվրոպայում տեղակայված ամերիկյան փոքր և միջին հեռահարության հրթիռները, որոնք կարող էին Մոսկվայում գտնվող իրենց թիրախներին հասնել 10-12 րոպեում, հենց այդ խնդիրը պիտի լուծեին։ Իր հերթին ԽՍՀՄ-ը չուներ ԱՄՆ-ին համարժեք պատասխան տալու հնարավորություն։

Այսպիսով «ՓՄՀՀ ոչնչացման մասին» պայմանագրի վիճելի լինելու մասին պնդումներն իրենք են բավականին վիճելի, քանի որ այդ պայմանագրով ԽՍՀՄ-ն ազատվեց փաստացի արդեն գոյություն ունեցող «անսպասելի գլխատող հարվածի» վտանգից։ Այլ հարց է, որ Մոսկվան բանակցությունների ընթացքում չկարողացավ հասնել այն բոլոր նպատակներին, որոնց ձգտում էր։ Մասնավորապես չհաջողվեց պայմանագրում ընդգրկել նաև ՆԱՏՕ առանցքային այլ պետություններ, ինչպիսիք են օրինակ` Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Բացի այդ, ԽՍՀՄ-ը պայմանագրով համաձայնվեց նաև ոչնչացնել «ՕՏՌ-23 Օկա» հրթիռային համակարգերը, թեև վերջիններիս հեռահարությունը փոքր էր 500կմ-ից։

Այս ամենով հանդերձ, պայմանագիրը ԽՍՀՄ-ին անհրաժեշտ էր, քանի որ, ինչպես նշեցինք, «գլխատող հարվածի» փաստացի գոյություն ունեցող վտանգը վերացավ։

Այս ֆոնին պայմանագրից դուրս գալու անհրաժեշտության մասին Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները բավականանին տարօրինակ են թվում՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ամերիկյան փոքր ու միջին հեռահարության հրթիռներն այսօր կարող են տեղակայվել ոչ միայն Արևմտյան Եվրոպայում, այլև Արևելյան Եվրոպայում ու Մերձբալթիկայում, ինչն իր հերթին նշանակում է, որ Մոսկվայում գտնվող թիրախներին դրանք 10-12 րոպեի փոխարեն կարող են հասնել 4-5 րոպեում։

Կարևոր է նաև նշել, որ եթե անգամ Ռուսաստանն իրականում հրաժարվի պայմանագրից, միևնույն է, հսկայական ֆինանսական, արդյունաբերական և ռազմական ներուժ ու ժամանակ է հարկավոր միջին ու փոքր հեռահարության հրթիռների արտադրությունը վերսկսելու համար: Այդպիսի հրթիռների արտադրման խորհրդային գործարանների ճնշող մեծամասնությունը մնացել է ժամանակակից Ուկրաինայի ու Ղազախստանի տարածքում, իսկ Վոտկինսկի գործարանն այժմ գերծանրաբեռնված է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական համակարգի հրթիռների արտադրությամբ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից բացի այլ պետություններից սպասելի միջուկային վտանգին, ապա նախ այդ սպառնալիքը անհամեմատելի է ԱՄՆ-ից հնարավոր սպառնալիքի հետ, բացի այդ պայմանագրից դուրս գալու փոխարեն Ռուսաստանը կարող է բանակցություններ սկսել այդ երկների հետ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին միանալու շուրջ: Ի դեպ, հետաքրքիր է, որ 2012-ի սկզբին միջին ու փոքր հեռահարության հրթիռների արգելման նախաձեռնությամբ հանդես էր եկել Նիկոլյա Սարկոզին, այսինքն` կարելի է ենթադրել, որ նման հավանական բանակցությունների հաջող ելքի հեռանկարը բացառված չէ։

Այսպիսով, եթե բացառելու լինենք այն վարկածը, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավը կտրված է իրականությունից, ապա մնում է ենթադրել, որ Ռուսաստանը պայմանագրից դուրս գալու մտադրություն իրականում չունի, իսկ համապատասխան հայտարարություններն արվում են այլ նպատակներով։ Այս վարկածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ գործնական քայլեր պայմանագիրը կասեցնելու համար 13 տարվա ընթացքում այդպես էլ չեն արվել։

Հավանական է, որ նման հայտարարություններով Ռուսաստանը պարզապես փորձում է ճնշում գործադրել եվրոպական երկրների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայումից։ Հիշեցնենք, որ Եվրոպայում, մասնավորապես` Լեհաստանում և Չեխիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայման հեռանկարը վերջին տարիների ռուս-ամերիկյան հարաբերությունների ամենակնճռոտ հարցերից է։ Վաշինգթոնում հայտարարում են, թե իբր այդ համակարգերն ուղղված են Իրանից եկող սպառնալիքը չեզոքացնելու դեմ, մինչդեռ Մոսկվայում իրավացիորեն կարծում են, որ դա մտացածին հիմնավորում է, իսկ այդ ծրագրերն էլ ուղղված են նաև Ռուսաստանի դեմ և նպատակ ունեն նվազեցնել պատասխան հարվածներ հասցնելու Ռուսաստանի հնարավորությունները։

Հավելենք նաև, որ ներկայումս ԱՄՆ-ն ընդլայնում է նախկին սոցիալիստական բլոկի երկրների հետ իր ռազմական համագործակցությունը, մասնավորապես Չեխիայի, Լեհաստանի ու Մերձբալթյան երկրների հետ, ինչը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին։ ՌԴ-ն հատկապես մտահոգություն հայտնեց, երբ 2010-ին ԱՄՆ-ն, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան ու Ֆրանսիան մասնակցում էին վերջին տանսամյակում ամենալայնամասշտաբ ՌԾՈւ և ՌՕՈւ համատեղ զորավարժություններին:

Ավելին, 2008-ին Լեհաստանի ու ԱՄՆ-ի միջև կնքված ռազմական համագործակցության պայմանագրով՝ Լեհաստանի տարածքում ամերիկյան ՀՕՊ Patriot համակարգեր են տեղադրվելու ու հիմնվելու է ամերիկյան հիմնական ռազմաբազա: 2010-ին պայմանագրի կետն իրականացվեց. զենիթահրթիռային Patriot համակարգերը տեղ գտան Լեհաստանի Մորոնգ քաղաքում՝ Ռուսաստանի սահմանից 60 կմ հեռավորության վրա:

Բացի այդ, ընթացիկ տարվա հունիսին Էստոնիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ իր Էմարի ռազմաբազան արդեն համապատասխանում է ՆԱՏՕ չափանիշներին, և կարող է ընդունել ՆԱՏՕ 16 կործանիչ և 20 ուղևորափոխադրող ինքնաթիռ, մեկ օրում սպասարկել մինչև 2000 զինվորականի։ 2010-ին հայտնի էր դարձել, որ բացի Ռումինիայում 4 և Բուլղարիայում 1 ռազմաբազայից, Միացյալ նահանգներն ըստ էության լայնորեն կիրառում են նախկին խորհրդային Զոքնյայ ռազմաօդային բազան Լիտվայում։ ԱՄՆ-ն ռազմաբազաներ ու ռադիոտեղորոշման կայան ունի նաև Լատվիայում՝ Բոլդերայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *