Ռուսական ու չինական ռազմանավերն առաջին անգամ ռազմական գործողության շրջանակներում համատեղ առաջադրանք են կատարել՝ ուղեկցելով սիրիական քիմիական զենքի տարհանող նավը։ Ռուսական «Պետրոս Մեծ» հրթիռային հածանավն ու չինական «Յան Չեն» պարեկային նավը Միջերկրական ծովում ուղեկցել են դանիական «Արկ Ֆուտուրա» հատուկ նավը։
Վերջինս տեղափոխում է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի առաջին խմբաքանակը։
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդման՝ ռուսական ու չինական նավերը սերտ համագործակցել են առաջադրանքի կատարման ժամանակ։ Երկու երկրների ռազմածովային ուժերի համատեղ գործողությունը բարեհաջող է անցել։
Հիշեցնենք, որ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման աշխատանքներին մասնակցում են մի շարք երկրներ, մասնավորապես Մեծ Բրիտանիան,Ռուսաստանը, ԱՄՆ ու Իտալիան։
Հավելենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Սիրիայի և ՄԱԿ-ի փորձագետների կողմից Մոսկվայում համատեղ մշակվել է սիրիական քիմիական զենքի դուրսբերման ծրագիրն ու երթուղիները, որոնք արտացոլված են ստորև։
- Սիրիական իշխանությունները պատասխանատու են երկրի 12 շրջաններից քիմիական զենքի հավաքագրման և Լաթաքիա նավահանգիստ ապահով փոխադրման համար։
- Նավահանգստում Ռուսաստանն ապահովելու է քիմիական զենք պարունակող կոնտեյներների ապահով բեռնումը նավերի վրա։
- Դանիական և նորվեգական նավերը ռուսական և չինական ռազմանավերի ուղեկցությամբ ուղևորվելու են Իտալիայի նավահանգիստներից մեկը, որի անունը առայժմ հայտնի չէ։
- Իտալիայում զենքի պաշարները բեռնվելու են ամերիկյան ռազմանավերի վրա, որոնք ուղևորվելու են միջազգային չեզոք ջրեր և հատուկ սարքավորումների միջոցով ոչնչացնելու են քիմիական զենքի տվյալ խմբաքանակը։
Հիշեցնենք, որ Սիրիան 2013-ի հոկտեմբերի 14-ին անդամակցեց քիմիական զենքի կիրառումն արգելող Կոնվենցիային, երբ արևմտյան ուժերի Սիրիա ներխուժումը շատերը համարում էին անխուսափելի, քանի որ Բաշար Ասադի կառավարությանը մեղադրում էին խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման համար։ Անդամակցությանն անմիջապես հետևեց երկրի տարածքում առկա քիմիական զենքի պաշարների հայտարարագրումը, համաձայն որի՝ դրանք կազմում են 1300 տոննա։