Վիկրամադիտիա ավիակրին սպասարկող ռուսաստանցի մասնագետներից 100-ը կվերադառնան Ռուսաստան, իսկ 75 հոգին նավի երաշխիքային սպասարկման համար կմնան Հնդկաստանում։
Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Սևմաշ» ընկերության մամուլի ծառայությանը։
Ավիակիրը Հնդկաստանի Կարնատակա նահանգի Կավար քաղաքում տեղակայված ռազմածովային բազա էր հասել 2014 թվականի հունվարի սկզբին։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հնդիկ զինվորականները գոհ են մնացել նավից։
Երաշխիքային սպասարկման աշխատակիցները Հնդկաստանում աշխատելու են շուրջ մեկ տարի, որից հետո «Սևմաշ» ընկերությունը նախատեսում է 20-40 տարի ժամկետով նավի սպասարկման պայմանագիր կնքել հնդիկների հետ։
Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին Ադմիրալ Գորշկով նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 1.5 մլրդ ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Արդիականացված տարբերակը ստացավ Վիկրամադիտիա անունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն մի քանի անգամ հանձնումը հետաձգվել էր։
Ըստ նախնական տվյալների՝ նավի հանձնումը հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել էր՝ հասնելով 2013 թվականը։
Ժամկետի երկարաձգման հետ մեծացել էր նաև պայմանագրի արժեքը։ Ըստ հնդկական կողմի՝ ավիակիրն արժեցել է շուրջ 2.33 մլրդ ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ ավիակիրը 2013 թվականի նոյեմբերի 26-ին դուրս էր եկել «Սևմաշ» գործարանի նավաշինարանից և ուղևորվել դեպի Հնդկաստան։
«Վիկրամադիտիան» թեթև ավիակիր նավ է, նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռների և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռների համար։