ՄԱԿ-ը հաստատել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման 5 դեպք

 ՄԱԿ-ի հանձնաժողովը վերհանել է քիմիական զենքի հավանական կիրառման 5 դեպք Սիրիայի հակամարտության ողջ ընթացքում։ Սակայն դեռևս բաց է մնում մեղավորների հարցը։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ՄԱԿ-ի զեկույցին, այս եզրահանգման են եկել Քիմիական զենքի արգելման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ ուսումնասիրությունների արդյունքում։ Ընդհանուր առմամբ, փորձագետները դիտարկել են քիմիական թունավոր նյութերի օգտագործման 7 հավանական դեպք, բայց հաստատվել է 5-ը։

Այսպես, նյարդակաթվածային թունավոր զարին գազը հավանաբար կիրառվել է 2013-ի մարտին Հալեպի շրջանի Խան ալ-Ասալ թաղամասում, ապրիլին՝ Իդլիբի շրջանի Սարաքիբ գավառում, օգոստոսին՝ երկու դեպք Դամասկոսի մերձակայքում։ Բացի այդ, հաստատվել է Ղուտայում քիմիական զենքի օգտագործման վարկածը։

Ըստ զեկույցի՝ քիմիական հարձակումների զոհ են դարձել ինչպես երկրի ԶՈւ զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։ Նկատենք, որ զեկույցում զոհերի ու տուժածների թիվ չի նշվում։

Չի խոսվում նաև քիմիական հարձակումների մեղավորների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2013-ի ամռանից ի վեր հակամարտող կողմերը մեղադրանքներ են հղում միմյանց քիմիական զենքի օգտագործման շուրջ։ Մասնավորապես, պաշտոնական Դամասկոսը քիմիական զենքի կիրառման` իրեն ուղղված մեղադրանքները որակել է «սադրանք զինյալների կողմից, ինչը պետք է նպաստեր ու առիթ դառնար արևմտյան երկրների՝ Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտություն ցույց տալուն»։

Դեռևս հունիսին ԱՄՆ նախագահական աշխատակազմը հայտարարել էր՝ տեղեկություններ ունեն Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենք օգտագործելու մասին, բայց ապացույցներ չէր ներկայացրել։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը հավաստիացրել էր՝ քիմիական զենքի կիրառման հավանակությունը մեծ է հենց Սիրիայի զինյալների շրջանում։

Օգոստոսին Սիրիա էին մեկնել ՄԱԿ տեսուչները՝ քիմիական զենքի կիրառման դեպքերը ստուգելու, սակայն իրենց զեկույցում կրկին չէին նշել մեղավորների մասին։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 120 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *