Վրաստանը հերքում է «Ռուսկիե վիտյազի» ավիախմբի մուտքն իր օդային տարածք

Հունվարի 14-ին ռուսական «Արսենալ» ամսագրի խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին հայտարարել է՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Ռուսկիե վիտյազի» ավիախումբը Բահրեյն ուղևորվելու ճանապարհին անցել է Վրաստանի օդային տարածքով։ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման հետևանքով ռուսաստանյան ինքնաթիռները Վրաստանի օդային տարածքում չէին հայտնվել 2008-ի օգոստոսից։

«Ռուսական վիտյազները» ավիացիոն խմբի Սու-27 կործանիչը

«Ռուսական վիտյազները» ավիացիոն խմբի Սու-27 կործանիչը

Ավելին, Ալադաշվիլին պնդում էր՝ ռուսները վրացական օդային տարածք մուտք գործելը նախապես համաձայնեցրել են Վրաստանի իշխանությունների հետ։

Բացի այդ, փորձագետը հավաստիացնում էր, որ հունվարի 20-ին ավիացիոն խումբը նույն ուղիով վերադառնալու է Ռուսաստան, ուստի հարկադրված է լինելու կրկին անցնել Վրաստանի օդային տարածքով։

Սակայն վրացական «Գրուզաերոնավիգացիա» ԲԲԸ-ն ժամեր անց հանդես է եկել հաղորդագրությամբ՝ հերքելով թե´ ՌԴ ավիացիոն խմբի՝ վրացական օդային տարածք մուտք գործելու, թե´ հունվարի 20-ին նույն փորձը կրկնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը։ Հաղորդագրության մեջ ասված է, որ իրենց թռիչքի թույլտվության համար որևէ ռուսական ինքնաթիռի անձնակազմ չի դիմել, և վրացական կողմը չի գրանցել ՌԴ ինքնաթիռի առկայություն իր օդային տարածքում նշված ժամանակահատվածում։

Վրաստանի կառավարությունը դեռևս չի արձագանքել։

Նկատենք, որ 2006-ին «Գրուզաերոնավիգացիա» ԲԲԸ-ն ՌԴ-ի որոշումը վրացական օդային տարածքից չօգտվելու վերաբերյալ որակել էր «քաղաքական իրավիճակի հետևանքով կայացրած որոշում»՝ շեշտելով՝ վրացական կողմը ֆինանսական շոշափելի վնաս չի կրելու այդ որոշումից։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում վերալիցքավորման համար վայրէջք էր կատարել Ռուսաստանի ՌՕՈւ  նույն «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբը։

Ըստ մինչ այդ տարածված լուրերի՝ Երևանում բացի վերալիցքավորումից, խումբը պետք է հանդես գար ցուցադրական ելույթով, սակայն մառախուղի պատճառով այն չկայացավ։

Ավիացիոն խումբն ուղևորվում էր Բահրեյն՝ հունվարի 16-18-ը BIAS-2014 միջազգային ավիացուցադրությանը մասնակցելու։

Հավելենք, որ «Ռուսկիե վիտյազի» ավիախումբը ստեղծվել է 1991-ի հունվարի 5-ին՝ Սու-27 կործանիչի հնարավորությունները ցուցադրելու համար։

4 responses to “Վրաստանը հերքում է «Ռուսկիե վիտյազի» ավիախմբի մուտքն իր օդային տարածք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *