Մեծ Բրիտանիան մասնակցում է սիրիական քիմիական զենքի ոչնչացմանը

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Մոնթրոուզ ֆրեգատը շուտով կմիանա դանիական և նորվեգական նավերին՝ մասնակցելու Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը։ Ինչպես հաղորդում է բրիտանական BBC լրատվական ծառայությունը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը։

Բրիտանական Մոնթրոուզ ֆրեգատը

Բրիտանական Մոնթրոուզ ֆրեգատը

Նախարարը հիշեցրել է, որ Սիրիայից տարհանման ենթակա քիմիական զենքի առաջին խմբաքանակն արդեն դուրս է բերվել, թեպետ, թեժացած ռազմական գործողությունների հետևանքով, դա եղավ պլանավորածից ավելի ուշ։ Հեյգը նաև նշել է, որ Սիրիայի կառավարությունը պետք է երաշխավորի, որ երկրում մնացած քիմիական զենքի պաշարները պետք է հնարավորինս արագ տեղափոխվեն Լաթաքիա նավահանգիստ, որտեղից էլ դրանք կբեռնվեն նավերի վրա և կուղևորվեն միջազգային չեզոք ջրեր՝ ոչնչացման համար։ Ըստ նախօրոք մշակված ժամանակացույցի, սիրիական քիմիական զենքի ողջ պաշարների ոչնչացումը պետք է ավարտվի մինչև 2014-ի հունիսի վերջը։

Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համմոնդը՝ ասելով, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար իրենք ԱՄՆ-ին են տրամադրելու 4,1 մլն ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ հատուկ սարքավորումներ և վերապատրաստելու են անձնակազմը՝ գործընթացի արագացման համար։

Հավելենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Սիրիայի և ՄԱԿ-ի փորձագետների կողմից Մոսկվայում համատեղ մշակվեց սիրիական քիմիական զենքի դուրսբերման ծրագիրն ու երթուղիները, որոնք արտացոլված են ստորև։

Սիրիական քիմիական զենքի դուրսբերման և ոչնչացման պլանը

  1. Սիրիական իշխանությունները պատասխանատու են երկրի 12 շրջաններից քիմիական զենքի հավաքագրման և Լաթաքիա նավահանգիստ ապահով փոխադրման համար։
  2. Նավահանգստում Ռուսաստանն ապահովելու է քիմիական զենք պարունակող կոնտեյներների ապահով բեռնումը նավերի վրա։
  3. Դանիական և նորվեգական նավերը ռուսական և չինական ռազմանավերի ուղեկցությամբ ուղևորվելու են Իտալիայի նավահանգիստներից մեկը, որի անունը առայժմ հայտնի չէ։
  4. Իտալիայում զենքի պաշարները բեռնվելու են ամերիկյան ռազմանավերի վրա, որոնք ուղևորվելու են միջազգային չեզոք ջրեր և հատուկ սարքավորումների միջոցով ոչնչացնելու են քիմիական զենքի տվյալ խմբաքանակը։

Հիշեցնենք, որ Սիրիան 2013-ի հոկտեմբերի 14-ին անդամակցեց քիմիական զենքի  կիրառումն արգելող Կոնվենցիային, երբ արևմտյան ուժերի Սիրիա ներխուժումը շատերը համարում էին անխուսափելի, քանի որ Բաշար Ասադի կառավարությանը մեղադրում էին խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման համար։ Անդամակցությանն անմիջապես հետևեց երկրի տարածքում առկա քիմիական զենքի պաշարների հայտարարագրումը, համաձայն որի՝ դրանք կազմում են 1300 տոննա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *