Նախիջևանի «առանձին համազորային բանակում» և Շամխորի կորպուսում նոր նշանակումներ են

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունվարի 7-ին հաստատել է կադրային մի շարք փոփոխություններ Նախիջևանում դեկտեմբերին ստեղծված «առանձին համազորային բանակում» և Շամխորի բանակային կորպուսում։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով Նախիջևանի ռազմական լիցեյի տնօրեն, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևը և Նախիջևանի զորամասերից մեկի հրամանատար Թեյմուր Էյուբովը նշանակվել են Նախիջևանի նորաստեղծ «առանձին համազորային բանակի» հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևի տեղակալներ։

Բացի այդ, Ռասիմ Ալիևի փոխարեն ռազմական լիցեյի տնօրեն է նշանակվել Նախիջևանի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Էլման Օրուջևը։ Գնդապետ Նամիգ Բայրամովն էլ նշանակվել է «առանձին համազորային բանակի» ՀՕՊ վարչության շտաբի պետ։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ դեռևս հոկտեմբերի 30-ին Զաքիր Հասանովի՝ Նախիջևան կատարած այցի ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին՝ Նախիջևանի ռազմական ոստիկանության պետք է նշանակվել Էլման Օրուջևը։ Ադրբեջանի ՊՆ-ն չէր հաստատել տեղեկությունը։ Ստացվում է՝ Օրուջևը պաշտոնավարել է մոտ 3 ամիս։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին հայտնի էր դարձել՝ Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվել է «առանձին համազորային բանակ», որի գործառույթները դեռևս հայտնի չեն։

Կադրային փոփոխություններ են իրականացվել նաև Շամխորի բանակային կորպուսում. գնդապետ Հագանի Ջաբրաիլովը ստանձնել է կորպուսի շտաբի պետի պարտականությունները։

Նկատենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն նույն օրը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով՝ կադրային փոփոխությունները շարունակվում են և կոչ անելով «մամուլի ներկայացուցիչներին ըմբռնմամբ մոտենալ դրանց վերաբերյալ տեղեկությունների մասամբ կամ ամբողջովին չհրապարակմանը, քանի որ ՊՆ-ն հետևում է ռազմական գաղտնիքների պահպանման սկզբունքին»։

One response to “Նախիջևանի «առանձին համազորային բանակում» և Շամխորի կորպուսում նոր նշանակումներ են

  1. Pingback: Ադրբեջանում ՊՆ կադրերի վարչության նոր պետ է նշանակվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *