Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված ԶՈւ Հեյդար Ալիևի անվան ռազմական լիցեյի տնօրեն, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևը հեռացվել է պաշտոնից և նշանակվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ։
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ սույն վարչության նախկին պետ, գնդապետ Վիդադի Ասքերովը սկսել էր պաշտոնավարել 2013-ի փետրվարի 27-ից՝ պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի հրամանով։ 2013-ի հոկտեմբերին, երբ նոր նախարար նշանակվեց Զաքիր Հասանովը, որոշ ժամանակ անց Ասքերովին հեռացրին զբաղեցրած պաշտոնից։
Այնուհանդերձ, դեռևս 2014-ի հունվարի սկզբին Ադրբեջանի մամուլի ծառայությունը հաղորդել էր՝ Զաքիր Հասանովի հրամանագրով Նախիջևանի ռազմական լիցեյի տնօրեն, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևը և Նախիջևանի զորամասերից մեկի հրամանատար Թեյմուր Էյուբովը նշանակվել են Նախիջևանի նորաստեղծ «առանձին համազորային բանակի» հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևի տեղակալներ, և Ռասիմ Ալիևի փոխարեն ռազմական լիցեյի տնօրեն է նշանակվել Նախիջևանի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Էլման Օրուջևը։ Ստացվում է՝ Ռասիմ Ալիևը որպես լիցեյի տնօրեն այլևս չէր պաշտոնավարում ընթացիկ տարվա սկզբից ի վեր։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info