Սիրիայի քիմիական զենքի դուրսբերման գործընթացը մեկնարկել է

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է Սիրիայից քիմիական զենքի պաշարների դուրսբերման մեկնարկի մասին։ Առաջին խմբաքանակը դուրս են բերել նավով։

Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար նախատեսված նավ

Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար նախատեսված նավ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Սիրիայի երկու պահեստների քիմիական զենքը բերվել է Լաթաքիայի նավահանգիստ, ապա տեղափոխվել դանիական նավի վրա։ Նավին ուղեկցել են Դանիայի, Նորվեգիայի ու Սիրիայի ռազմածովային պահակախմբերը։ Բացի այդ, BBC-ի տվյալներով՝ ուղեկցողների շարքում են եղել ՌԴ-ի, Չինաստանի, Դանիայի ու Նորվեգիայի ֆրեգատները։ Առաջիկայում քիմիական զենքն այդպես էլ մնալու է նավում, մինչև նավահանգիստ չբերվի երկրորդ խմբաքանակը։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի դեկտեմբերի սկզբին ԱՄՆ իշխանությունները խոստացել էին առաջիկայում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տրամադրել հատուկ սարքավորումներով օժտված նավ՝ բաց ծովում Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման համար: Մեծ Բրիտանիան համաձայնել էր պաշարների մի մասն իր տարածքում ոչնչացնել։ Քիչ վտանգ ներկայացնող քիմիական նյութերը դուրս են բերվելու նորվեգական և դանիական նավերով, ապա չեզոքացվելու են առևտրային տարբեր կազմակերպությունների ջանքերով։ Սիրիայի քիմիական «զինաթափման» գործընթացին մասնակցում են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Դանիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Չինաստանն ու Նորվեգիան։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն էր տվել քիմիական զենքի իր պաշարների ոչնչացման հարցում, երբ 2013-ի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակիչների դեմ ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել ու մեղադրանքներ էին հնչել իշխանությունների դեմ: Դրանք հարմար առիթ էին դարձել Արևմուտքի համար Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում: Համանման զարգացումներից խուսափելու նպատակով՝ Սիրիայի կառավարությունը թույլատրել էր ՄԱԿ-ի փորձագետների մուտքն ու հետազոտություններն իր տարածքում՝ միաժամանակ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հղելով Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների խմբավորումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *