Վոլգոգրադում երկրորդ ահաբեկչության զոհերի թիվը հայտնի է

Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տրոլեյբուսի պաթյունի հետևանքով մահացել է 14 հոգի, ևս 27 վիրավոր քաղաքի 5 բժշկական կենտրոններում են: Զոհերի թիվը մինչև այս պահը վերջնական չէ և կարող է դեռ աճել:   Այս մասին «Ռոսսիա-24» հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Վոլգոգրադի պայթյունի վայրը

Վոլգոգրադի պայթյունի վայրը

Տեղեկացնենք, որ ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևն այսօր հրաման է ստորագրել, ըստ որի` վերջին երկու ահաբեկչությունից տուժածների ընտանիքներին կտրամադրվի օգնություն: Կառավարության հատկացրած գումարը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար է: Բացի այդ, մահացածների հուղարկավորության ծախսերն ամբողջությամբ հոգալու է Վոլգոգրադի ղեկավարությունը:

Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Հավելենք նաև, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը Վոլգոգրադում սուգ է հայտարարված: Արգելված են նաև ամանորյա բոլոր զանգվածային միջոցառումները:

Հավելենք նաև, որ 2014 թվականի Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի համար կկիրառվեն անվտանգության լրացուցիչ միջոցներ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8:25-ին Վոլգոգրադում ահաբեկիչները պայթեցրել են ուղևորներով լի տրոլեյբուս:
ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովից հայտնում են, որ Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանում այս պայթյունի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով:

Հիշեցնենք, որ երեկ մեկ այլ պայթյուն էր եղել Վոլգոգրադի  երկաթուղային կայարանում: Համաձայն վերջին տվյալների` այդ ահաբեկչության զոհ են 18 մարդ, ևս 40 հոգի վիրավորվել են:

Շրջանառվում է վարկած, որ ահաբեկիչը մահապարտ կին էր։ Հետաքննությունն իրականացնող մարմինները պայթյունի տեղանքի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերել են Ֆ-1 ձեռքի չպայթած նռնակ, որն արդեն ոչնչացվել է։ Տեղանքի զննության ընթացքում հայտնաբերվել է նաև ենթադրյալ մահապարտի գլուխը, որի փորձաքննության ուղարկելուց հետո կպարզվի վերջինիս ինքնությունը։

Նշենք, որ ևս մեկ պայթյուն եղել էր Վոլգոգրադում հոկտեմբերին ԼիԱԶ մակնիշի ավտոբուսում, որի հետևանքով մահացել էր 7 հոգի, ևս 40-ը վիրավորվել էին: Ահաբեկիչը կին-մահապարտ Նաիդա Ասիյալովան էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *