Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 27-ին ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով զոհվել են Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) 3 զինծառայող:
Ինչպես հաղորդում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը, պայթյունի պատճառով եղել են նաև վիրավորներ, նախնական տվյալներով նրանց թիվը 6 է, բոլորն էլ խաղաղ բնակիչներ են: ՆԱՏՕ-ից չեն հաղորդում, թե որ երկրի զինծառայողներն են զոհվել:
Նշենք, որ միջադեպը գրանցվել է ՆԱՏՕ-ի «Քեմթ Ֆենիքս» ռազմակայանից ոչ հեռու: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր ավտոմեքենան՝ ընթացքի ժամանակ հավասարվելով ISAF-ի ուժերի զրահամեքենաների շարասյանը: Հարձակման պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել է տեղական «Թալիբան» շարժումը:
Հիշեցնենք, որ վերջին 10 օրերի ընթացքում Աֆղանստանում զոհվել է ISAF-ի 12 զինծառայող՝ համաձայն ամերիկյան The New York Times պարբերականի տվյալների: Ընդ որում, զոհվածներից 6-ը մահացել են երկրի հարավում ուղղաթիռի վթարից, 2 ամերիկացիներ և 1 բրիտանացի զոհվել են զինյալների հարձակումներից: