Հնդկաստանը գնում է ևս 6 «Սուպեր Հերկուլես» բեռնատար ինքնաթիռ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը, ստորագրած պայմանագրի համաձայն, ԱՄՆ-ից ձեռք կբերի 6 միավոր C-130J Super Hercules (Սուպեր Հերկուլես) բեռնատար ինքնաթիռներ։

Ինքնաթիռները կտրամադրվեն Հնդկաստանի ԶՈւ հատուկ ուժերի ստորաբաժանումներին։  Նախատեսված է, որ պայմանագիրը կիրագործվի  առաջիկա 3 տարիների ընթացքում։

Հնդկաստանի ԶՈւ-ի C-130J-30 ինքնաթիռը վայրէջք է կատարում աշխարհի ամենաբարձր Դաուլաթ Բեգ Օլդի ռազմական օդանավակայան

Ներկա պայմանագրի արժեքը շուրջ 645 մլն ԱՄՆ դոլար է։ Պայմանագիրը կնքվել է Հնդկաստանի ՊՆ-ի՝ դեռևս սեպտեմբերին հաստատված ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը շուրջ 2,37 մլրդ ԱՄՆ դոլար է։

Ներկա պահին Հնդկաստանի ԶՈւ սպառազինությունում կա 6 միավոր C-130J-30 բեռնատար ինքնաթիռ, որոնք C-130J-ների արդիականացումն են։ Հնդկաստանը դրանք ձեռք է բերել 2008-ի մարտին կնքած պայմանագրով։ Պայմանագիրը, որի արժեքը շուրջ 962 մլն ԱՄՆ դոլար է եղել, նախատեսել է նաև օժանդակ սարքավորումների, պահեստամասերի, երաշխիքային սպասարկման տրամադրումն ու անձնակազմի ուսուցումը։

Super Hercules ինքնաթիռը նախատեսված է տարբեր բեռներ ու անձնակազմ տեղափոխելու համար։ Անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 92 զինծառայող։ Ինքնաթիռի զանգվածը շուրջ 34 տոննա է, իսկ առավելագույն թռիչքային զանգվածը՝ շուրջ 80 տոննա։ Ինքնաթիռն ունի 4 շարժիչ՝ ամեն մեկը 4637 ձիաուժ հզորությամբ ու կարողանում է զարգացնել մինչև 671 կմ/ժ արագություն: Առավելագույն թռիչքային հեռավորությունը 5250 կմ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *