Այսօր՝ հոկտեմբերի 21-ին 14։25-ին ՌԴ Վոլգոգրադի շրջանում ԼիԱԶ մակնիշի ավտոբուսում խոշոր պայթյուն է եղել, որի հետևանքով մահացել են ավտոբուսում գտնվող 40 ուղևորներից 6-ը։ Մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում։
Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները պայթած ավտոբուսի տակ նաև նռնակ են հայտնաբերել, որը պայթեցրել էր ահաբեկիչ-մահապարտը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։
Այս պահին պայթուցիկ սարքը հետազոտում են մասնագետները։ Բայց դեռևս օպերատիվ աշխատակիցները չեն հստակեցնում, թե արդյոք նռնակը գտնվում է մարտական վիճակում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ պայթյունի հեղինակը մահապարտ-կին է՝ անօրինական խմբավորումների ղեկավարներից մեկի կինը։ Ինչպես նշվում է, կինն օգտագործել է իր մարմնին ամրացված պայթուցիկ սարքը։
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել «սպանություն», «ահաբեկչական գործողություն» և «զենիք անօրինական կիրառում» հոդվածների համաձայն։
Տեղեկացնենք, որ այժմ Վոլգոգրադում ոստիկանությունը ստուգում է քաղաքից դուրս եկող բոլոր մեքենաներին։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Ըստ տվյալների՝ հնարավոր է կինն ունեցել է հանցակիցներ, որոնք էլ դրդել են նրան հանցագործության։
Կասկածներ կան, որ կնոջ անունը Նաիդա Ասիյալովա է։ Այդ անունով փաստաթղթեր են գտնվել դեպքի վայրից ոչ հեռու։
Դաղստանի իրավապահ մարմինները նշել են, որ Նաիդան զինյալ Դիմիտրի Սոկոլովի կինն է։ Նրանք ծանոթացել են Մոսկվայում սովորելու տարիներին։ Այժմ Սոկոլովը հետախուզման մեջ է։
Նշենք, որ Վոլգոգրադում եռօրյա սուգ է հայտարարված։