Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադի երկաթուղային կայարանում պայթյուն է որոտացել։ ՌԴ ստիկանությունն արդեն հաստատել է, որ պայթյունը ահաբեկչության հետևանք է։ Համաձայն վերջին տվյալների` ահաբեկչության զոհ է18 մարդ, ևս 40-ը վիրավոր է։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։
Ինչպես հայտնել են իրավապահները, պայթյունը որոտացել է երկաթուղային կայարանի երկրորդ հարկում։ Շրջանառվում է վարկած, որ ահաբեկիչը մահապարտ կին էր։ Հետաքննությունն իրականացնող մարմինները պայթյունի տեղանքի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերել են Ֆ-1 ձեռքի չպայթած նռնակ, որն արդեն ոչնչացվել է։ Տեղանքի զննության ընթացքում հայտնաբերվել է նաև ենթադրյալ մահապարտի գլուխը, որի փորձաքննության ուղարկելուց հետո կպարզվի վերջինիս ինքնությունը։
ՌԴ երկաթուղային տարբեր կայարաններում և օդանավակայաններում սահմանվել է հսկողության խիստ ռեժիմ, ինչը ենթադրում է ոստիկանական պարեկային խմբերի ավելացում և ուղևորների բեռների ավելի մանրակրկիտ զննում։
ՌԴ առողջապահության նախարարությունը հրապարակել է հիվանդանոցում գտնվող տուժածների նախնական ցանկը, որոնց թվում կա նաև ազգությամբ երկու հայ։ Նրանք են 1981 թվականին ծնված Նինա Մարտունի Հարությունյանը և 1978 թվականին ծնված Սուսաննա Սերգեյի Գրիգորյանը։
Հավելենք, որ հունվարի 1-ից 3-ը Վոլգոգրադի շրջանում հայտարարված է ահաբեկչության զոհերի հիշատակի և սգո օր։
Նշենք նաև, որ սա այս տարի Վոլգոգրադում գրանցված ահաբեկչության միակ դեպքը չէ։ 2013 թվականի հոկտեմբերին մահապարտ կինն ավտոբուսի կանգառում, գործարկելով իրեն ամրացված ռումբը, դարձել էր 7 մարդու մահվան պատճառ։