Այսօր` դեկտեմբերի 30-ին` առավոտյան ժամը 8:25, Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում դարձյալ ահաբեկչություն է իրականացվել: Ահաբեկիչները պայթեցրել են ուղևորներով լի տրոլեյբուս, որի հետևանքով զոհվել է 12 հոգի, ևս 10-ը վիրավորվել են:
Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում անելով քաղաքի բժշկական կենտրոններից ստացած տեղեկություններին:
Ավելի վաղ ՌԴ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր 10 հոգու մահվան մասին:
ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովից հայտնում են, որ Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանում այս պայթյունի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով:
Հիշեցնենք, որ երեկ նույնպես Վոլգոգրադում ահաբեկիչները պայթյուն էին իրագործել Վոլգոգրադի երկաթուղային կայարանում: Համաձայն վերջին տվյալների` այդ ահաբեկչության զոհ են 18 մարդ, ևս 40 հոգի վիրավորվել են:
Շրջանառվում է վարկած, որ ահաբեկիչը մահապարտ կին էր։ Հետաքննությունն իրականացնող մարմինները պայթյունի տեղանքի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերել են Ֆ-1 ձեռքի չպայթած նռնակ, որն արդեն ոչնչացվել է։ Տեղանքի զննության ընթացքում հայտնաբերվել է նաև ենթադրյալ մահապարտի գլուխը, որի փորձաքննության ուղարկելուց հետո կպարզվի վերջինիս ինքնությունը։
Նշենք, որ ևս մեկ պայթյուն եղել էր Վոլգոգրադում հոկտեմբերին ԼիԱԶ մակնիշի ավտոբուսում, որի հետևանքով մահացել էր 7 հոգի, ևս 40-ը վիրավորվել էին: Ահաբեկիչը կին-մահապարտ Նաիդա Ասիյալովան էր: