Ադրբեջանում դեկտեմբերի 28-ին Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր, ինքնահրկիզված Զաուր Հասանովը մահացել էր: Դեկտեմբերի 29-ին նրա հուղարկավորությունը վերածվել է ցույցի, կայացել է մեկ այլ ցույց ևս:
Վետերանին հողին են հանձնել իր ծննդավայրում: Հուղարկավորության արարողությանը ներկա էին նաև բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներից, Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերաններ:
Մզկիթի մոտ հավաքված շուրջ 500 ադրբեջանցիներ, որոնք եկել էին վետերանին վերջին հրաժեշտը տալու, ցույց կազմակերպեցին՝ «Մի՛ այրեք վետերաններին», «Ղարաբաղ», «Ազատություն» վանկարկելով:
Նշենք, որ դեռևս դեկտեմբերի 27-ին «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստները նախաձեռնել էին վետերանին ի պաշտպանություն ցույց դեկտեմբերի 28-ին: Դրան մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել ավելի քան 2000 հոգի: Սակայն ցույցն այդպես էլ չկայացավ, քանի որ իշխանություններն իրենց մեդիա ռեսուրսների միջոցով սկսեցին ակտիվորեն քարոզել Իլհամ Ալիևի հանձնարարությունը՝ վետերանին նյութական օգնություն ցուցաբերելու մասին, վետերանին սկսեցին այցելել նախկին ու ներկա նախարարներ՝ նրան օգնելու կոչեր անելով: Իշխանությունները վետերանի խնդիրները լուծելու իմիտացիա ստեղծեցին, ինչն էլ թերևս հանգեցրեց ցույցի ալիքի մարմանը:
Այնուհանդերձ, պետական մարմինների քարոզչությունը կասեցրեց վետերանի մահը: Դեկտեմբերի 29-ին՝ հենց հուղարկավորության օրը, նախաձեռնվեց նոր ցույց Բաքվի կենտրոնական հրապարակում: Ցույցի մի մասն էր կազմում շուրջ 50 երիտասարդների նստացույցը՝ «Թող որ բանակը դիահերձարան չդառնա», «Մի՛ այրեք վետերաններին» գրություններով պաստառներով: Հրապարակում էին ոստիկանական մեծաթիվ ուժեր, հատուկ ստորաբաժանումներ, ջրցող մեքենաներ: Ոստիկանները ցույցը ցրեցին՝ ձերբակալելով ավելի քան 20 հոգու: Ձերբակալվածներից մեկն ազատազրկված է 15 օրով, 14-ն էլ, այդ թվում՝ Արցախյան պատերազմի վետերաններ, ենթարկվել են վարչական տուգանքների:
Ցույց Բաքվում՝ ի պաշտպանություն Զաուր Հասանովի իրավունքների
Դատելով ադրբեջանցիների համացանցային գրառումներից՝ հերթական ցույցի անցկացումը հավանական է:
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի վետերան Զաուր Հասանովը պահանջում էր վերադարձնել իրենից ապօրինաբար խլած թեյարանը, որն էլ բազմազավակ ընտանիքի եկամտի միակ աղբյուրն էր: