Ադրբեջանում ցույցը չի կայանալու. վետերանի ինքնահրկիզման թեման՝ իշխանության քարոզչության միջոց

Ադրբեջանում դեկտեմբերի 25-ին Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովն ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Իշխանության կողմից անտեսված վետերանն այժմ դարձել է իշխանության «բարի կամքը» քարոզելու միջոց։

Կադր՝ Զաուր Հասանովի ինքնահրկիզումից

Կադր՝ Զաուր Հասանովի ինքնահրկիզումից

Վետերանը դեկտեմբերի 24-ին լրագրողներին մանրամասնել էր՝ փորձել է ինքնահրկիզվել Ադրբեջանի արհմիությունների դաշնության շենքի մոտ, քանի որ այդ կառույցի ղեկավար Սաթթար Մեհբալիևը զրկել էր իրեն իր սեփականությունից։

Հասանովը շեշտել է, որ 2010-ին իր սեփականություն հանդիսացող եկամուտի միակ աղբյուր օբյեկտը խլել են իր ձեռքից, իր բողոքները պարբերաբար անտեսվում են, ուստի այդ ծայրահեղ քայլով ցանկացել է լսելի դարձնել իր դժգոհությունը։

Վետերանի իրավիճակը բավականին ծանր էր, բժիշկները հույս չէին տալիս։

Իրավիճակը հանգեցրել էր Արցախյան պատերազի ադրբեջանցիների վետերանների ցույցի, դեկտեմբերի 28-ին պետք է որ կայանար մեկ այլ ցույց, որին, հետևելով սոցցանցային գրառումների, մասնակցելու էր նվազագույնը 2500 հոգի։

Սակայն այսօր հայտնի դարձավ, որ ցույցը չի կայանալու մի շարք հանգամանքների բերումով։

Այսպես, նախ նշենք, որ իրադարձություններն այս թեմայի շրջանակներում բավականին արագ զարգացան։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները Զաուր Հասանովի քայլին սկզբնական շրջանում կոշտ արձագանքեցին՝ միաժամանակ սպասվելիք ցույցը բնութագրելով «ընդդիմադիր ուժերի փորձ երկրում իրավիճակն ապակայունացնելու»։

Զաուր Հասանովի դեպքը հարմար առիթ հանդիսացավ, որպեսզի գլուխ բարձրացնեն նույն թեմայով դժգոհություններ ունեցող զանգվածները։ Մասնավորապես, Արցախյան պատերազմի վետերանների հարազատներն ու զոհված զինծառայողների ծնողները նախագահի նստավայրի մոտ ցույց կազմակերպեցին՝ պահանջելով ապահովագրական վճարները վերջապես փոխանցել զոհվածների ընտանիքներին։

Բացի այդ, քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածքով լրատվամիջոցները սկսեցին ներկայացնել Արցախյան պատերազմի՝ կառավարությունից տարբեր բողոքներ ունեցող վետերանների պատմությունները։ Փորձագետներն ու վերլուծաբանները միաձայն բարձրաձայնեցին՝ Զաուր Հասանովը դարձել է պատկան մարմիններում տիրող կոռուպցիայի մթնոլորտի զոհ, haqqin.az լրատվակայքն էլ ներկայացրեց Հասանովի 13-ամյա որդու հետ հարցազրույց, որտեղ նկարագրվում էր ընտանիքի վատ սոցիալական դրությունը։

Մեկ օրում իրավիճակը կտրուկ փոխվեց։ Դեկտեմբերի 27-ին իշխանամետ լրատվակայքերը սկսեցին լայնորեն լուսաբանել վետերանի թեման այն դիտանկյունից, որ տարբեր պաշտոնյաներ այցելել են նրան հիվանդանոցում, հետևում են առողջական վիճակի փոփոխություններին, պատրաստ են օգնել։ Օրինակ՝ վետերանին այցելեցին առողջապահության նախարարը, պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարարները, ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ապա նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան կառույցներին ցուցում տվեց հոգալ վետերանի բուժման ու վերականգնման ծախսերը։ Արհմիությունների դաշինքը, որի պատճառով էլ Հասանովն ինքնահրկիզում էր կատարել, հայտարարեց՝ ամեն ամիս նրա ընտանիքին վճարվելու է 1900 ԱՄՆ դոլար ու աշխատանքով ապահովելու են ընտանիքի անդամներին։ Այնուհանդերձ, հաստատապես չենք կարող ասել՝ այս հայտարարություններն ի կատար կածվեն, թե ոչ։

Այս ամենի ներքո հետնաբեմում հայտնվեց այն թեման, որ թեյարանը միևնույն է՝ չի վերադարձվելու վետերանին։

Կարծում ենք՝ հոկտեմբերի 9-ի ընտրություններից, ակտիվիստների ու լրագրողների ձերբակալություններից հետո Արևմուտքի կողմից հարվածներ ստացող իշխանությունը, զգուշացավ մեկ դեպքի արդյունքում ժողովրդական լայն զանգվածների գլուխ բարձրացնելուց և գնաց իրավիճակը չսրելու ուղիով։ Դա թույլ տվեց թեման կիրառել նաև քարոզչական նպատակներով՝ ցույց տալով, թե որքան է իշխանությունը մտահոգված Արցախյան պատերազմի վետերանի ճակատագրով։ Մինչդեռ ամիսներ առաջ նույն վետերանի մասին պաշտոնյաներն ու իշխանական մեդիա ռեսուրսները չէին հիշում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *