Ադրբեջանում դեկտեմբերի 25-ին Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովն ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Այսօր արդեն ի պաշտպանության նրան Բաքվում ցույց է անցկացվում։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական haqqin.az լրատվակայքը, այս ժամերին Բաքվի N5 կլինիկական հիվանդանոցի մոտ, որտեղ ստացած այրվածքների պատճառով տեղափոխել են Զաուր Հասանովին, Արցախյան պատերազմի տասնյակ վետերաններ ցույց են կազմակերպել՝ կոչ անելով Ադրբեջանի արհմիությունների դաշնության ղեկավար Սաթթար Մեհբալիևին ներողություն խնդրել վետերանից ու կատարել վերջինիս արդարացի պահանջը։
Հարկ է նշել, որ ցույցը մասամբ ուղղորդվում է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստների կողմից։ Նրանցից մեկը՝ Ասիֆ Յուսիֆլին, «Թուրան» լրատվական գործակալության լրագրողին ասել է՝ իրենց թույլ չեն տվել այցելել Հասանովին, քանի որ վերջինս շատ ծանր վիճակում է։ Հիվանդանոցների բժիշկները հաստատում են ակտիվիստի խոսքերը՝ վկայելով, որ Հասանովին տևական բուժում է անհրաժեշտ, սակայն իրենք չեն երաշխավորում, որ վետերանի կյանքը կհաջողվի փրկել։
Հավելենք նաև, որ Ասիֆ Յուսիֆլին երեկ գիշերվանից նախաձեռնություն է կազմակերպել՝ «Մի´ այրեք մեր վետերաններին» խորագրով։ Դրա շրջանակներում, դատելով ֆեյսբուքյան գրառումներից, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 28-ին, Բաքվի Շատրվանների հրապարակում կայանալու է Զաուր Հասանովի պաշտպանությանն ուղղված երկրորդ ցույցը։ Դրան մասնակցելու պատրաստակամություն է հայտնել ներկա դրությամբ 827 հոգի։
Նկատենք նաև, որ նախաձեռնության էջում գրառումների մի մասն էլ վերաբերում է Ադրբեջանի ԶՈւ ոչ մարտական կորուստներին, որոնք քննարկվում են Ադրբեջանի պատկան մարմինների կողմից զինվորականների ու զինծառայողների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համատեքստում։
Ադրբեջանի ԶՈւ ժողովրդական քաղաքացիական վերահսկողության հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Ալեքփեր Մամեդովը, մեկնաբանելով կատարվածը, ընդգծել է. «Երբեմն ինքնագովազդի ու հասարակության տարբեր շերտերից դիվիդենդներ քաղելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները բնակարաններ են բաժանում Արցախյան պատերազմի վետերաններին, ինչն էլ լայնորեն լուսաբանվում է իշխանության պատվերները կատարող լրատվամիջոցներում։ Այս միջադեպը ցույց է տալիս իշխանության այդ քայլերի կեղծ լինելը։ Մեզ օրենքներ են անհրաժեշտ վետերանների սեփականության իրավունքը կարգավորելու համար, որպեսզի ոչ մի պաշտոնա չկարողանա ոտնձգություններ թույլ տալ»։
Նշենք, որ վետերանը դեկտեմբերի 24-ին լրագրողներին մանրամասնել էր՝ փորձել է ինքնահրկիզվել Ադրբեջանի արհմիությունների դաշնության շենքի մոտ, քանի որ այդ կառույցի ղեկավար Սաթթար Մեհբալիևը զրկել էր իրեն իր սեփականությունից։
Հասանովը շեշտել է, որ 2010-ին իր սեփականություն հանդիսացող եկամուտի միակ աղբյուր օբյեկտը խլել են իր ձեռքից, իր բողոքները պարբերաբար անտեսվում են, ուստի այդ ծայրահեղ քայլով ցանկացել է լսելի դարձնել իր դժգոհությունը։
Նշենք, որ դեռևս ընթացիկ տարվա հուլիսի 1-15-ը Զաուր Հասանովը հացադուլ էր հայտարարել։ Հաղորդվում էր՝ հացադուլի պատճառն այն է, որ տեղական կառավարման մարմինները որոշում են կայացրել Հասանովին պատկանող թեյարանը (չայխանա) ապամոնտաժելու՝ համարելով այն ապօրինի կառույց, քանի որ կառուցված է արհմիությունների դաշնության տարածքում։ Նա դեռևս այդ ժամանակ սպառնացել էր՝ թեյարանն իրեն չվերադարձնելու դեպքում ինքնահրկիզում կկատարի։