Հարավային ռազմական օկրուգը ՀՕՊ համակարգերի ղեկավարումը կիրականացնի արբանյակներով

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգը ստացել է ՀՕՊ համակարգերի մարտական գործողությունների ղեկավարման «Պոլյանա-Դ4Մ1» տեղաշարժվող ավտոմատացված համակարգ։ Այս համակարգն ունի «ԳԼՈՆԱՍՍ» արբանյակային նավիգացիոն սարքավորում։

Համակարգը նախատեսված է հակաօդային պաշտպանության խառը ստորաբաժանումների ավտոմատացված ղեկավարման համար, որոնց մեջ կարող են լինել Ս-300Վ, «Տոռ», «Բուկ», «Տունգուսկա» ու «Պանզիր-Ս1» զենիթահրթիռային համակարգեր։

Tor-M1 & S-300V

Ավտոմատացված համակարգը «ԳԼՈՆԱՍՍ»-ի միջոցով կարողանում է ստանալ հստակ տեղադրությունն ու ժամանակը, որի շնորհիվ էլ իրականացվում է ՀՕՊ կրակային միջոցների ճշգրիտ ղեկավարումն ու նշանառումը։ Արբանյակային սարքավորումների միջոցով այն կարող է հայտնաբերել ու ցուցադրել հարյուրավոր օդային թիրախներ, հետևել տասնյակ թիրախների և հրամաններ տալ կրակային միջոցներին 1-3 վայրկյանի ընթացքում։

Ամբողջ համակարգը կազմված է 4 մեքենաներից՝ մարտական ղեկավարման կետ, հրամանատարաշտաբային մեքենա, ավտոմատացված աշխատանքային տեղեր ու տեղափոխվող էլեկտրակայան։ «Պոլյանա-Դ4Մ1» համակարգը կարող է անդադար աշխատել մինչև 48 ժամ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի կազմի մեջ է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը մտնում են ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի մեջ, որը ստեղծվել է 1995-ին։ Ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։

Նշենք, որ «ԳԼՈՆԱՍՍ» (Глобальная навигационная спутниковая система – Համաշխարհային նավիգացիոն արբանյակային համակարգ) համակարգը ամերիկյան GPS (Global Positioning System – Տեղորոշման համաշխարհային համակարգ) համակարգի խորհրդային/ռուսական տարբերակն է։ Երկրի շուրջը պտտվող թվով 24 սեփական արբանյակների շնորհիվ այն կարողանում է տեղորոշել երկրի վրա կամ օդում ցանկացած օբյեկտի ճշգրիտ կոորդինատները, ինչը թույլ է տալիս կրակային միջոցներին անվրեպ կրակել օբյեկտների ուղղությամբ։ Համակարգը կարող է օգտագործվել ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական նշանակությամբ (քաղաքային տրանսպորտ և այլն)։

Հավելենք նաև, որ 2013-ի սեպտեմբերին Աբխազիայում զորավարժություն է իրականացվել «ԳԼՈՆԱՍՍ» համակարգի մասնակցությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *