Թուրքական առաջին հարվածային ուղղաթիռի ընդունումն ուշանում է. թերություններ կան

Մինչ մամուլը գրում է, թե թուրքական առաջին հարվածային ուղղաթիռի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Պակիստանը, Թուրքիայում այնքան էլ չեն շտապում սպառազինության վերցնել «Աթաք» զիլ անունը կրող ուղղաթիռները։

T129

T129

T129. Ինչպես և ինչու ստեղծվեց

Նախ անդրադառնանք, թե ինչ է իրենից ներկայացնում թուրքերի կողմից այդքան շատ բարձրաձայնվող T129 Atak հարվածային ուղղաթիռը։ Ըստ հեղինակների՝ ուղղաթիռի առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, բարձրացնել մինչև 1,2 տոննա զինամթերք։ Զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, «օդ-օդ» տեսակի հրթիռներով, 70 մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներով, 20 մմ թնդանոթային համակարգով, 12,7 մմ գնդացրով։

Այն ստեղծվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմից նախագծին մասնակցել է TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը։ Ուղղաթիռի աշխատանքները սկսվել են 2007 թվականին՝ բավարարելու Թուրքիայի զինված ուժերի կարիքները։ Իսկ Թուրքիայում հարվածային ուղղաթիռների խիստ պահանջարկ կա, քանի որ առկա օրինակներն արդեն հնացել են, իսկ թուրքական ուղղաթիռների պարկն ընդհանրապես թարմացման ու հարստացման կարիք ունի։

T129 ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Ստեղծվել է մի քանի նախատիպ, որոնք թռիչքային փորձարկումների փուլում են։ Թեև դեռ 2012 թվականին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ 2013-ին կսկսվի ուղղաթիռների սերիական արտադրությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, ընթացիկ տարին իր ավարտին է մոտենում, իսկ սերիական արտադրության փոխարեն թուրքերը սերիական խնդիրների առաջ են կանգնել. ուղղաթիռները դեռ չեն արդարացնում իրենց։

T129 Atak

T129 Atak

T129-ի ճակատագիրը

Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը մտադրություն ուներ ստանալ 50 միավոր T129, որն ամրագրված է նաև ուղղաթիռն արտադրողների հետ պայմանագրով։ Սակայն ընթացքն այնքան էլ հարթ չէ, իսկ ուղղաթիռների առաջին խմբաքանակի տրամադրումն ուշանում է։

2013-ին խոսակցություններ սկսեցին շրջանառվել, թե Թուրքիայի զինված ուժերը շարունակում են խուսափել այդքան պահանջված ուղղաթիռներն սպառազինություն ընդունելուց։ Իսկ ձգձգումները կապված էին ուղղաթիռի փորձարկումների ժամանակ ի հայտ եկած մի շարք թերությունների հետ։ Թերությունների մասին լուրերը պաշտոնապես հաստատեց նաև Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը, ով հեղինակավոր «Ջեյնս» ռազմական հանդեսի հետ զրույցում նշեց, թե T129-ում գրանցվել են թրթռումներ (վիբրացիա), որոշ դեպքերում խնդիրներ են ի հայտ եկել հավասարակշռության հետ։ Եվ այդպիսով, Թուրքիայի ցամաքային զորքերին նախնական 9 միավոր T129A ուղղաթիռների տրամադրումը կուշանա։ Իսկ ժամկետների մասին հստակ տեղեկություններ դեռ չկան։

Գյուլն ու Ալիևը՝ ԹԱԻ-ում

Գյուլն ու Ալիևը՝ ԹԱԻ-ում

T129-ը, ադրբեջանցիներն ու պակիստանցիները

Այժմ Թուրքիայում ոչ միայն մտածում են ուղղաթիռների թերությունները վերացնելու մասին, այլ նաև ժամանակ չեն կորցնում ուղղաթիռի արտահանման ուղղությամբ քայլեր կատարելու համար։

Նույն «Ջեյնսն» ավելի վաղ նշել էր, թե թուրքական կողմը պայքարում է Պակիստանի զինված ուժերի՝ հարվածային ուղղաթիռների պարկը թարմացնելու մրցույթին, որտեղ T129 մրցում է ամերիկյան  AH-1Z Viper հարվածային ուղղաթիռների հետ։ Ամերիկյան կողմի հնարավորությունները մեծ են նրանով, որ Վաշինգթոնն Իսլամաբադին ռազմական ոլորտի համար ամեն տարի ֆինանսական օգնություն է տրամադրում (այս տարի՝ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար), ինչն էլ պակիստանցիները կարող են ուղղել ամերիկացիներից նոր ուղղաթիռներ ձեռք բերելուն։

Բացի այդ, ամերիկյան կողմի առաջարկած ուղղաթիռները նման են արդեն պակիստանյան օդուժում առկա օրինակներին, ուստի օդաչուների ուսուցումը կլինի ավելի արագ և մատչելի: Թուրքական կողմի համար խնդիր կարող է դառնալ նաև  T129-ի ամերիկյան LHTEC CTS800-4N շարժիչները. դրանց պատճառով Թուրքիան ԱՄՆ-ից պետք է թույլտվություն ստանա ուղղաթիռների արտահանման համար։

Թուրքիան, սակայն, սեփական արտադրության ուղղաթիռները Պակիստանին առաջարկելու ուղղությամբ արդեն կատարել է առաջին քայլը։ Մասնավորապես, 2013 թվականի սեպտեմբերի կեսերին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի այցի ժամանակ Թուրքիան առաջարկել է պակիստանցիներին անվճար տրամադրել 3 միավոր T129 ուղղաթիռ։

Բացի այդ, Թուրքիան պատրաստ է Պակիստանի տարածքում հիմնել T129 ուղղաթիռների համատեղ արդադրություն, ինչպես արվել է 2009 թվականին MKEK Panther հաուբիցների վաճառքի ժամանակ, որոնք ներկայում արդեն արտադրվում են Պակիստանում։

Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե Պակիստանն ում է նախապատվությունը տալիս, իսկ թուրքական ուղղաթիռների փորձարկումների ձախողումը դժվար թե դրական անդրադառնա թուրքական հավակնությունների վրա։

Բացի Պակիստանից, «Աթաքների» նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանը։ Նման տեղեկություններ սկսվեցին շրջանառվել ադրբեջանական մամուլում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն  իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի ընկերակցությամբ այս տարվա նոյեմբերի 12-ին այցելեց TAI ընկերություն, որտեղ էլ, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ Անքա անօդաչու թռչող սարքի, Հյուրքուշ ուսումնական ինքնաթիռի, ծանոթացավ նաև T129-երին, ինչպես նաև հասցրեց լուսանկարվել դրանց հետ։

Այցելությունից մի քանի օր անց էլ ադրբեջանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Բաքուն հետաքրքրություն է ցուցաբերում թուրքական ուղղաթիռների նկատմամբ, սակայն այս ուղղությամբ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։

Այսպիսով, թուրքական (պայմանական թուրքական, քանի որ այն ուղղակի իտալական ուղղաթիռի թուրքական տարբերակն է) հարվածային ուղղաթիռներն ունեն խնդիրներ, որոնք արձանագրում են նաև թուրք պաշտոնյաները։ Իսկ այդ խնդիրներն ուշացնում են դրանց շահագործումը թուրքական զինուժում, ինչպես նաև կարող են խանգարել արտահանման դեպքում։

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *