Թուրքիան ԱՄՆ-ի հետ է մրցում Պակիստանին ուղղաթիռներ մատակարարելու համար

Թուրքիան Պակիստանին առաջարկել է թուրք-իտալական արտադրության T129 հարվածային ուղղաթիռները։ Սակայն թուրքական կողմին ծանր մրցակություն է սպասվում, քանի որ պակիստանյան հարվածային ուղղաթիռների պարկը թարմացնելու համար պայքարում են նաև ամերիկացիները։

Պակիստանը ցանկանում է թարմացնել ռազմաօդային ուժերի ուղղաթիռների պարկը, քանի որ ներկայում հիմնական հարվածային ուժը կազմող AH-1 F Modernized Cobra-ն այդ երկրում համարում են հնացած։

Ինչպես հայտնում է Defense News ռազմական կայքը, պակիստանցիներին նոր ուղղաթիռներ մատակարարելու գլխավոր հավակնորդը Միացյալ Նահանգներն է, որն առաջարկում է AH-1Z Viper հարվածային ուղղաթիռները։

Ամերիկյան կողմի հնարավորությունները մեծ են նրանով, որ Վաշինգթոնն Իսլամաբադին ռազմական ոլորտի համար ֆինանսական օգնություն է տրամադրում (այս տարի՝ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար), որն էլ կարող է ուղղվել նոր ուղղաթիռներ ձեռք բերելուն։

Բացի այդ, ամերիկյան կողմի առաջարկած ուղղաթիռները նման են արդեն պակիստանյան օդուժում առկա օրինակներին, ուստի օդաչուների ուսուցումը կլինի ավելի արագ և մատչելի:

Թուրքիան առաջարկում է T129 հարվածային ուղղաթիռները, որոնք դեռ սերիական արտադրության չեն դրվել և անցնում են թռիչքային փորձարկումների շրջանը։ Թուրքական կողմի համար խնդիր կարող է դառնալ նաև T129-ի ամերիկյան LHTEC CTS800-4N շարժիչները. դրանց պատճառով Թուրքիան ԱՄՆ-ից պետք է թույլտվություն ստանա ուղղաթիռների արտահանման համար։

Թուրքիան արդեն կատարել է առաջին քայլը սեփական արտադրութւյան ուղղաթիռները Պակիստանին առաջարկելու ուղղությամբ։ Մասնավորապես, 2013 թվականի սեպտեմբերի կեսերին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի այցի ժամանակ Թուրքիան առաջարկել է պակիստանցիներին անվճար տրամադրել 3 միավոր T129 ուղղաթիռ և դրանց պահեստամասեր։

Բացի այդ, Թուրքիան պատրաստ է Պակիստանի տարածքում հիմնել T129 ուղղաթիռների համատեղ արդադրություն, ինչպես արվել է 2009 թվականին MKEK Panther հաուբիցների վաճառքի ժամանակ, որոնք ներկայում արդեն արտադրվում են Պակիստանում։

Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե Պակիստանն ում է տալիս նախապատվությունը։ Հայնտի չեն նաև վերջնական որոշման ժամկետները ու հնարավոր պայմանագրի արժեքը։

Նշենք, որ T129 Atak ուղղաթիռները ստեղծվել են իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռների հիմքի վրա։ Ուղղաթիռի թուրքական տարբերակը ստեղծվել է «Թուրքիայի տիեզերական արտադրություն» (TAI) ընկերության կողմից՝ իտալական ընկերության հետ համագործակցության արդյունքում։
Ուղղաթիռներն ունեն ամերիկյան արտադրության LHTEC CTS800-4N շարժիչներ։ Ներկայում T129-երն անցնում են փորձարկումների փուլ։ Ստեղծվել է T129A և T129B նախատիպերը։ Երկրորդ տարբերակը հարվածային ուղղաթիռի նախատիպն է։

Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականի սեպտեմբերին։ Առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, բարձրացնել մինչև 1,2 տոննա զինամթերք։

One response to “Թուրքիան ԱՄՆ-ի հետ է մրցում Պակիստանին ուղղաթիռներ մատակարարելու համար

  1. Pingback: Թուրքական առաջին հարվածային ուղղաթիռի ընդունումն ուշանում է. թերություններ կան | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *