Ադրբեջանի խաղաղապահ ջոկատն ուղևորվում է Աֆղանստան

Սեպտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ադրբեջանի զինված ուժերի հերթական խաղաղապահ ջոկատն ուղևորվելու է Աֆղանստան։

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները ծառայությունն անցնելու են մինչև 2014-ի ապրիլն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում՝ Աֆղանստանի տարածքում։

Ընդ որում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելության անձնակազմը փոխվում է 6 ամիսը մեկ անգամ՝ ռոտացիոն սկզբունքի հիման վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։

Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի շնորհիվ 2001-ի դեկտեմբերի 20-ին։ 2003-ի օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։ Սկզբնական շրջանում ISAF-ի գոտին զբաղեցնում էր միայն մայրաքաղաք Քաբուլը, իսկ 2003-ի հոկտեմբերից ՄԱԿ ԱԽ-ն որոշեց ընդլայնել առաքելության գոտին։ 2006-ի հոկտեմբերին Աֆղանստանի ողջ տարածքով ընդլայնման գործընթացն ավարտվեց։ Խաղաղապահ առաքելության ջոկատներին ծրագրվում է դուրս բերել Աֆղանստանից մինչև 2014-ի ավարտը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *