Չինաստանը սկսել է Lijian (Լիջիան, «Սուր թուր») նոր անօդաչու թռչող սարքերի թռիչքային փորձարկումները։ ԱԹՍ-ն Shenyang և Hongdu ընկերությունների համատեղ արտադրանք է, աչքի է ընկնում աննկատելիությամբ։
Նոյեմբերի 21-ին նոր ԱԹՍ-ի առաջին թռիչքի լուսանկարները հայտնվել են slide.mil.news.sina.com.cn առցանց պորտալում։ Փորձարկումների ընթացքում սարքն օդում մնացել է շուրջ 20 րոպե, ինչից հետո վայրէջք է կատարել։ ԱԹՍ-ի առաջին թռիչքը հաջող արդյունքներ է գրանցել։
Հիշեցնենք, որ Lijian ԱԹՍ-ի վերգետնյա փորձարկումներ էր կատարել դեռևս ընթացիկ տարվա հունիսին։ Նախագծի մանրամասները հայտնի չեն։ Միայն լուսանկարներից դատելով՝ այն արտաքինով նման է ամերիկյան X-47B UCAS-D տախտակամածային ԱԹՍ-ին։ Այն ունի եռահենակետային շասսի ու ռեակտիվ շարժիչ։
Հավելենք, որ չինական հեռանկարային ԱԹՍ-ի առաջին փորձարարական նմուշը ստացել է «001» կողային համարը։ Ենթադրաբար, թևի բացվածքը կազմում է 14 մ, երկարությունը՝ մոտ 8 մ։ Պարզ չէ նաև՝ ինչ խնդիրներ է այն կատարելու։ Հավանական է, որ այն օգտագործեն հետախուզության, շրջադիտման, հակառակորդի թիրախներին հարվածներ հասցնելու նպատակներով։
Lijian ԱԹՍ-ի ստեղծումն ընթանում է AVIC 601-S անօդաչուների նախագծման շրջանակներում։ Դրանց հիմնական ստեղծողն ու արտադրողը Shenyang ընկերությունն է։
Բացի Lijian-ից, անօդաչուների ընտանիքը համալրում են Tiannu («Երկնային արբալետ»), Fengren («Հողմային շեղբ»), Yungong («Ամպոտ նետ»), Zhanying («Մարտական արծիվ»), Anjian («Խավար սուր») և մի շարք այլ ԱԹՍ-ներ։