Բերդ-Իջևան ճանապարհի որոշ հատվածներ միգուցե ժամանավորապես փակվեն. ՊՆ

Երեկ ադրբեջանական կողմը կրակ էր բացել Տավուշի մարզում Բերդ-Իջևան ավտոճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ 1 զինծառայող զոհվել էր։ Լուրեր են շրջանառվում, որ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակ են լինելու շուրջ մեկ շաբաթ։

Լուրերի իսկությունը ճշտելու նպատակով Ռազմինֆոն կապ հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ «Շատ հնարավոր է, որ ավտոճանապարհի նշված հատվածները որոշ ժամանակով փակվեն՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,-հաստատեց խոսնակը։

Մեր այն հարցին, թե ինչ նորություններ կան հակառակորդի կրակից վիրավոր զինծառայողների վիճակի վերաբերյալ, պարոն Հովհաննիսյանը հայտնեց՝ նրանցից մեկը դուրս է գրվել, մյուս երկուսին տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ «Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Երևան տեղափոխել են զուտ մեր վերահսկողության ներքո պահելու համար»,-հավաստիացրել է ՊՆ խոսնակը։

Ռազմինֆոյի այն հարցին՝ արդյոք ադրբեջանցիների ակտիվությունը պայմանավորված էր պաշտպանության նոր նախարարի՝ Զաքիր Հասանովի նշանակմամբ, պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ նման հարցադրմանն արձագանքելը կնշանակի տալ քաղաքական գնահատական։

«Միայն կարող եմ ասել, որ հակառակորդի ցանկացած սադրանք լռեցվելու է ոչ միայն պատասխան, այլև շեշտակի գործողություններով։ Պատասխանատվությունն ամբողջովին ադրբեջանական կողմի վրա է»,-եզրափակեց խոսնակը։

Ռազմինֆոյին հաջողվեց կապվել նաև Տավուշի մարզի Պառավաքարի համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանի հետ։ Վերջինս մեկնաբանեց, որ գիշերն ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, «ընդմիջումներով կրակել են, անսովոր բան չկա, գյուղացիների շրջանում լարվածություն չկա»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա։

Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակին:

One response to “Բերդ-Իջևան ճանապարհի որոշ հատվածներ միգուցե ժամանավորապես փակվեն. ՊՆ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *