Ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հարազատները ԿԽՄԿ երևանյան գրասենյակից այս պահին շարժվում են դեպի արտաքին գործերի նախարարություն։
Ռազմինֆոյի հետ զրույցում Հակոբի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանն ասաց, որ ուզում են այս հարցով հետաքրքրվի նաև արտգործնախարարը։
«Վերջիվերջո արտաքին գործերի նախարար է, բայց մինչև հիմա ոչինչ չի ասել կամ արել»,- նշեց Արման Ինջիղուլյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 15-ին, 14։00-ի շրջանում ռազմագերու ընտանիքը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռակովիչիի հետ։
Հանդիպումից հետո Արման Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ ԿԽՄԿ-ում իրենց նոր բան չեն ասել և նշել են՝ դեռ նորություն չունեն, իսկ ունենալու դեպքում անմիջապես տեղյակ կպահեն իրենց։
Ինջիղուլյանները նաև հայտարարել են, թե որոշել են նորությունների սպասել անմիջապես Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց։
Ռազմինֆոյի հետ զրույցում Արման Ինջիղուլյանը նշեց, որ ԿԽՄԿ դիմաց սպասելու իրենց որոշումը չի նշանակում, թե իրենք բողոքի ակցիա կամ նստացույց են անցկացնում, այլ ուղղակի որոշել են այստեղ սպասել լուրերի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը տեղյակ է ռազմագերու մասին, սակայն առայժմ որևէ հստակ գործողություն չի իրականացվել։
Ինջիղուլյանի ծնողներն արդեն մի քանի օր է, ինչ փորձում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի միջոցով տեղեկություններ ստանալ իրենց որդուց։