Օրերս ադրբեջանական կողմում գերի ընկած շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ազգականներն օգոստոսի 15-ին՝ կեսօրից հետո, հանդիպում են ունեցել Կարմիր խաչի երևանյան գրասենյակում։ Հակոբի հորը՝ Գևորգ Ինջիղուլյանին և հորեղբոր որդուն՝ Արման Ինջիղուլյանին ընդունել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչը։
Ռազմինֆոյի լրագրողը հայտնում է, որ հանդիպումից հետո Արման Ինջիղուլյանը փոխանցել է, թե ԿԽՄԿ-ում իրենց նոր բան չեն ասել և նշել են՝ դեռ նորություն չունեն, իսկ ունենալու դեպքում անմիջապես տեղյակ կպահեն իրենց։
Ինջիղուլյանները նաև հայտարարել են, թե որոշել են նորությունների սպասել անմիջապես Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց։
Ռազմինֆոյի հետ զրույցում Արման Ինջիղուլյանը նշեց, որ ԿԽՄԿ դիմաց սպասելու իրենց որոշումը չի նշանակում, թե իրենք բողոքի ակցիա կամ նստացույց են անցկացնում, այլ ուղղակի որոշել են այստեղ սպասել լուրերի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը տեղյակ է ռազմագերու մասին, սակայն առայժմ որևէ հստակ գործողություն չի իրականացվել։
Ինջիղուլյանի ծնողներն արդեն մի քանի օր է, ինչ փորձում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի միջոցով տեղեկություններ ստանալ իրենց որդուց։