ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերից սկսելու է արտոնություններ տրամադրել նույնասեռական զինծառայողների օրինական ամուսնական զույգերին։
Պենտագոնից տեղեկացնում են, որ ամուսնությունը գրանցած նույնասեռական զինծառայողների զույգերը կստանան բժշկական ապահովագրություն, բնակարանային նպաստներ, կերակրող չունենալու համար նախատեսված թոշակ։ Որոշ արտոնություններ կստանան նաև այն զույգերը, որոնք ծրագրել են մոտ ապագայում գրանցել իրենց ամուսնությունը։
Բացի այդ, ՊՆ-ն նույնասեռական զույգերին հնարավորություն կտա գնալ ու գրանցել ամուսնությունն այն նահանգներում, որտեղ թույլատրված է ԱՄՆ 13 նահանգներում ու Կոլումբիայի շրջանում։
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի փետրվարին Պենտագոնն արտոնություններ էր շնորհել նույնասեռական զինծառայողներին՝ նրանց տրամադրելով կրթական ծրագրերին մասնակցելու ու ռազմական հոսպիտալներից օգտվելու թույլտվություն, զինծառայողի մահվան դեպքում ընտանիքին տրամադրվող նյութական օգնություն։
Հավելենք, որ ամերիկյան զինծառայողների շարքում 17 հազար նույնասեռական կա, սակայն որևէ տեղ արձանագրված չէ, թե նրանց շարքում քանի գրանցված ամուսնական զույգ կա։
Նույնասեռականները թույլտվություն են ստացել ծառայել ԱՄՆ ԶՈւ-ում 2011-ի սեպտեմբերից։