Թուրք-սիրիական սահմանին միջադեպ է գրանցվել

Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին միջադեպ է գրանցվել թուրք զինծառայողների և սահմանախախտների միջև։

Թուրք-սիրիական սահմանը հատել փորձողների և այն հսկող թուրք զինծառայողների միջև միջադեպի հետևանքով թուրքական կողմից վիրավոր կա, տեղեկացնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը չորս հոգանոց խումբը փորձել է Սիրիայի տարածքից մազութ անցկացնել Թուրքիայի տարածք, սակայն Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները նկատել են շարժը։

Դրանից հետո կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել, որի ժամանակ, ըստ թուրքական կողմի, սահմանախախտներն այրել են մազութի տակառները, ինչի հետևանքով ծանր այրվածքներ է ստացել թուրք զինծառայողը։

Նրան արդեն տեղափոխել են Անկարա, որտեղ վիրահատության են ենթարկել. նրա վիճակը գնահատվում է ծանր։

Նշվում է նաև, որ անցած օրերին ևս մի քանի դեպք է գրանցվել թուրք-սիրիական սահմանին, որոնք, սակայն, զոհերի և վիրավորների չեն հանգեցրել։

Սիրիայի խառնակ իրավիճակի հետ վերջին շրջանում զգալի ակտիվացել են նաև մաքսանենգ խմբերի փորձերը՝ անցնելու Թուրքիայի տարածք։ Հաճախ բախումները բերում են վիրավորների թուրք զինծառայողների շրջանում և զոհերի սիրիական կողմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *