Ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանից դեռևս նորություն չկա։ Ռազմինֆոյի հետ զրույցում նրա հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանն ասաց, որ այսօր սպասելու են որևէ նորության, իսկ վաղն արդեն հնարավոր է նամակ ուղարկեն Ժնևի Կարմիր խաչի գրասենյակ։
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 13-ին, ռազմագերու հարազատները հավաքվել էին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի առջև՝ իրենց զինվորի մասին տեղեկություն իմանալու և Կարմիր խաչից բացատրություն ստանալու համար։
Ռազմինֆոյի հետ զրույցում հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, ասաց, որ զայրացած են իրենց որդուն հարցազրույցի դրդելու և Կարմիր խաչի դիրքորոշման վրա։ «Ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարող է Կարմիր խաչը ռազմագերուց նորություն չունենա կամ հարցազրույց անցկացնեն առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայության»,-նշեց հայրը։
Արման Ինջիղուլյանն էլ Ռազմինֆոյին տեղեկացրեց, որ Հակոբը երբևէ խնդիրներ չի ունեցել ու չի բողոքել հրամանատարներից, եղել է օրինակելի զինծառայող։
Նշենք, որ Հակոբը երեք տարի սովորել է Գևորգյան ճեմարանում։ Զինվորական ծառայության ավարտից հետո որոշել է ուսումը շարունակել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում։
Արմանը հավաստիացրեց նաև, որ «Հակոբի տեսողությունը -3 էր, նման տեսողությամբ զորակոչում են, դա նորմալ է։ Զինվորն ակնոց էր կրում, իսկ երեկվա տեսանյութի մեջ ակնոցը չկար, երևի ձեռքից վերցրել էին»։
Տեղեկացնենք, որ ըստ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայի՝ չի թույլատրվում ռազմագերուց վերցնել անձնական օգտագործման բոլոր իրերն և առարկաները։ Իսկ հարցազրույցում Հակոբը առանց ակնոցի է։ Այսպիսով ադրբեջանական կողմը խախտել է կոնվենցիայի կետերը։
Բացի այդ, Կոնվենցիայում նշված է նաև, որ «ռազմագերու մոտ պետք է մնան նաև այն իրերն ու առարկաները, որոնք ծառայում են նրա համազգեստի և սնման համար, անգամ այն դեպքում, եթե այդ իրերն ու առարկաները պատկանում են պաշտոնական զինվորական հանդերձանքին»։
Հակոբը հարցազրույցում ոչ թե ՀՀ ԶՈւ համազգեստով էլ, այլ ադրբեջանական։
Նշենք, որ երեկ Հակոբ Ինջիղուլյանի ծնողներին մի քանի ժամ սպասեցնելուց հետո ընդունեց ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռակովիչին։ Հանդիպումից ծնողները դժգոհ էին. «Այն, ինչ որ ասաց Դրագանան, մենք արդեն գիտեինք, ու մեզ դա արդեն մեկ շաբաթ է ասում են»,- նշեց ռազմագերու մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Ինջիղուլյանին, որ գրանցվախ դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան։