Հնդկական սուզանավի պայթյունի հետևանքով զոհեր կան

Հնդկաստանի պաշտպանության նախարար Կուրիեն Էնթոնին հայտարարել է, որ օգոստոսի 14-ի առավոտյան «Սինդհուրակշակ» սուզանավի պայթյունի և հրդեհի հետևանքով նավաստիներ են զոհվել։

Հնդկաստանի ՊՆ-ն դեռ հստակ թվեր չի նշել, սակայն հաստատել է, որ զոհեր կան։ Միևնույն ժամանակ Էնթոնին նշել է, որ սուզանավում արգելափակվել է 18 զինծառայող, որոնց հետ դեռևս չի հաջողվել կապ հաստատել։

Սինդհուրակշակ սուզանավի հրդեհը

Սինդհուրակշակ սուզանավի հրդեհը

Նշենք, որ Հնդկաստանի Մումբայ նավահանգստում կայանված «Սինդհուրակշակ»  (Sindhurakshak) սուզանավում օգոստոսի 14-ի վաղ առավոտյան ուժեղ պայթյուն է հնչել, որից հետո հրդեհ է բռնկվել ու արագորեն տարածվել։

AFP-ի տեղեկություններով` սուզանավի անձնակազմի մի մասը կարողացել է փրկվել։ Նրանք նետվել են ջուրը, որից հետո դեպքի վայրից նրանց դուրս են բերել փրկարարները, սակայն 18 նավաստի էլ արգելափակվել է սուզանավում, որը մասամբ անցել է ջրի տակ։

Նշենք, որ 2010 թվականին նույն այս սուզանավը կրկին տուժել էր հրդեհից։ Այն ժամանակ մարտկոցների հատվածում առաջացած հրդեհի հետևանքով մեկ զինծառայող էր մահացել։

«Սինդհուրակշակը» դիզելային վառելիքով աշխատող սուզանավ է։ Կառուցվել է 1995 թվականին Սանկտ Պետերբուրգի «Ադմիրալտեյսկիե վերֆի» ընկերության կողմից Հնդկաստանի պատվերով։

1997 թվականին հնդկական նավատորմի շարքերում է։ Ջրատարողությունը 2325 տոննա է ջրի տակ և 3076 տոննա՝ ջրի վրա։ Երկարությունը 73 մետր է։ Անձնակազմը 53 մարդ է։

Այն 2013 թվականի ապրիլին էր Ռուսաստանից Հնդկաստան վերադարձել. ՌԴ-ում այն վերանորոգում և արդիականացում էր անցել, որով զբաղվել էր Սևերոդվինսկի «ՑՍ Զվյոզդոչկա» ընկերությունը։ «ՌԻԱ Նովոստիի» տվյալներով՝ ՌԴ-ում արդիականացման և վերանորոգման ժամանակ այն զինվել է Club-S հրթիռային համակարգով, Ushush հիդրոակուստիկ համակարգով, CCS-MK-2 ռադիոկապով։

2 responses to “Հնդկական սուզանավի պայթյունի հետևանքով զոհեր կան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *