Իրանը կառուցել է սեփական նախագծի առաջին «Ֆաթեհ» սուզանավը

Իրանում ավարտվել է դիզելային շարժիչով նոր «Ֆաթեհ» (թարգմանաբար՝ «Հաղթող») սուզանավի կառուցումը։ Սա, ըստ էության, առաջին սուզանավն է, որ Իրանն ինքնուրույն նախագծել ու կառուցել է։

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Գոլյամ Ռեզա Քադեմ-Բիգամը հայտարարել է, որ մոտ ժամանակներս սուզանավը հանձնվելու է Իրանի ՌԾՈւ շահագործման։

Այս սուզանավն ունի շուրջ 593 տոննա ջրատարողություն, ջրի մեջ ընկղման խորությունը՝ 200-250 մ, բաց ծովում կարող է մնալ առնվազն 35 օր։

Քիչ բան է հայտնի սուզանավի սպառազինությունից. դեռևս պարզ է միայն, որ այն ունի 533 մմ տրամաչափի տորպեդներ, 8 ծովային ական, 2 պահուստային տորպեդ, բայց չունի հորիզոնական հորաններ։ Ունակ է կրելու «Շկվալ» արագընթաց ստորջրյա հրթիռներ, շարժական զենիթահրթիռային համակարգ, տեղափոխում է ծովային հատուկ նշանակության ծառայության անձնակազմին։ Բացում է մինչև 8 ծովային հանգույց (14,8 կմ/ժ) արագություն, սուզված վիճակում՝ 14 հանգույց, լողալու հեռավորությունը մինչև 6700 կմ է։

Այնուհանդերձ, համաձայն ռուսական աղբյուրների՝ ներկա դրությամբ Իրանի իսլամական հանրապետության նավատորմն ունի ջրատարողությամբ ու սպառազինությամբ ավելի զարգացած սուզանավեր, այդ թվում՝ 3000 տոննա ջրատարողությամբ 3 սուզանավ, սակայն դրանք իրանական արտադրության չեն։ 901, 902 ու 903 կողային համարներով, 877 նախագծի «Պալտուս» սուզանավերն Իրանին տրամադրվել են Ռուսաստանի կողմից 1990-ականներին։

Հավելենք, որ բացի «Ֆաթեհ» տիպի սուզանավից, Իրանը կառուցում է ծանրակշիռ «Բեսաթ» սուզանավեր։ 2012-ին լուրեր էին տարածվել, որ Իրանում աշխատանքներ են ընթանում նաև ատոմային սուզանավեր ստեղծելու ուղղությամբ, բայց դրանք մնացին զուտ լուրերի տեսքով։

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *