ԿԽՄԿ-ի պատվիրակի հետ հանդիպումից հայ ռազմագերու ծնողները դժգոհ են

Ադրբեջանում գերի ընկած հայ զինվորի ծնողներին այսօր 15։40- 16։15 սահմաններում ընդունեց ԿԽՄԿ-ի երևանյակ գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչիին։ Հանդիպումից հետո ծնողները դժգոհեցին, որ պատվիրակը չի ասել որևէ նոր բան։

«Այն, ինչ որ ասաց Դրագանան, մենք արդեն գիտեինք, ու մեզ դա արդեն մեկ շաբաթ է ասում են»,- նշեց ռազմագերու մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը։

Նշենք, որ ռազմագերու ծնողներին ավելի վաղ խոստացել էին ընդունել 14։00-ի սահմաններում, սակայն մինչ այդ ժամը ընդունելություն չկայացավ։

Դրագանա Ռանկովիչին 14։15-ի սահմաններում դուրս եկավ գրասենյակից ու ուղևորվեց ՊՆ։ Թե ինչ են քննարկել պաշտպանության նախարարությունում, այդպես էլ չհայտնեցին՝ պատճառաբանելով, որ գաղտնի է։

Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեղ, որ շարունակելու են պայքարել։ «Որտեղ հնարավոր եղավ, դիմելու ենք, այս պահին որոշել ենք նամակ ուղարկել Ժնևի Կարմիր խաչի գրասենյակ՝ հարցին որևէ միջնորդություն տալու համար»,- ասաց Արման Ինջիղուլյանը։

Պատվիրակի հետ հանդիպման ընթացքում լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի մամուլի պաշտոնակատար Էթերի Մուսայելյանը, ով նույնպես որևէ բան չհայտնեց ռազմագերու մասին։

Նշենք, որ Ռազմինֆոյի հետ զրույցում հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, ասել է, որ զայրացած են իրենց որդուն հարցազրույցի դրդելու և Կարմիր խաչի դիրքորոշման վրա։

«Ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարող է Կարմիր խաչը ռազմագերուց նորություն չունենա կամ հարցազրույց անցկացնեն առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայության»,-նշել է հայրը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Ինջիղուլյանին, որ գրանցվախ դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *