Ադրբեջանի ականազերծման կենտրոնի հայտարարությանն ի պատասխան

Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր, որ այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ պատասխանելով Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) տնօրեն Նազիմ Իսմայիլովի արտահայտած մտացածին մտքերին։

Հիշեցնենք, որ Իսմայիլովը հունիսի 12-ին հայտարարել էր. «Հայաստանը չի արդարացրել ականազերծման միջազգային կազմակերպությունների հույսերը։ Կարծում եմ՝ դրա համար միջազգային դոնորները չեն ցանկանում ֆինանսավորել։ Հայաստանն առհասարակ չունի ականազերծման կարիք, քանի Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ չեն եղել։ Իսկ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ սահմանը հենց հայերն են ականապատել…»։

Մենք չենք հաղորդել սույն հայտարարության մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ականազերծման մասին լուրերն Ադրբեջանում զուտ քարոզչական բնույթ են կրում՝ կազմելով ադրբեջանական շաբաթվա լրահոսի անքակտելի մասնիկը։ Մշտապես հայտարարվում է, որ ականազերծելու են մեծ տարածքներ, սակայն չեն տեղավորվում իրենց նշած ժամկետներում։ Ինչ վերաբերում է հայերին վերաբերող հայտարարությանը, ապա այստեղ նույնիսկ քննարկելու նյութ չկա. Իսմայիլովի խոսքերում բացակայում են իր նշած «միջազգային կազմակերպությունների» անունները, չկան «հայերից դժգոհությունների» մասին հղումներ և տվյալներ, չկան փաստեր՝ սահմանային հատվածներում «հայերի կողմից իրականացված ականազերծման» մասին։

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալություն

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալություն

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ-ն, Հայաստանում դեռևս 2011-ի փետրվարին հիմնադրվել և գործում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը: Ականային վտանգը Հայաստանում փաստված և հաստատված է ՄԱԿ-ի կողմից։

Նազիմ Իսմայիլովը լավ կաներ՝ խոսեր սեփական ականազերծման գործակալությունից։

Հիշեցնենք, որ ANAMA-ն հիմնադրվել է 1998-ի հուլիսի 18-ին՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ Պատերազմից տուժած տարածքների վերակառուցման և վերականգնման պետական հանձնաժողովին առընթեր: ANAMA-ն ֆինանսական աջակցություն է ստանում հիմնականում Ադրբեջանի կառավարության, ՄԱԶԾ-ի, Մեծ Բրիտանիայի կողմից։

Սակայն դոնոր կազմակերպություններն իրենց տարեկան զեկույցներում մշտապես դժգոհություն են հայտնում՝ մատնանշելով ՝ ակնկալված տարածքի համեմատ շատ քիչ տարածք է ականազերծվել։ Ընդ որում, համաձայն ԱՄՆ պետդեպարտամենտի՝ 2004-ին ANAMA-ի կողմից մաքրված տարածքների համեմատ՝ ոչնչացված ականների և չպայթեցված զինամթերքի (ՉԶ) թիվը փոքր է։

Ավելին, ANAMA-ի անարդյունավետ աշխատանքի վառ վկայությունն է այն, որ չնայած նրան, որ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը 2013-ի մարտ-ապրիլին ականազերծման աշխատանքներ էր իրականացնում Ղազախում, որոնք լայնորեն գովազդվում էին ադրբեջանական մամուլում, ապրիլի 15-ին Ղազախի շրջանի սահմանամերձ Խանլըգլար գյուղի բնակիչ Ադիլ Վելիևը (ծնվ. 1990 թ.) մահացել է սահմանակից անտառում՝ ականի պայթյունից: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչությունը հաստատել է, որ դին դուրս է բերվել անտառից: Դեռևս ապրիլի 7-ին նույն Խանլըգլար գյուղից Սաբիր Քերիմովը զոհվել էր նույնպես ականի պայթյունից:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ANAMA-ի՝ 2013-ի ապրիլի զեկույցի համաձայն՝ 2004-ից Ադրբեջանում ականների պայթյուններից 369 զոհ, 2021 վիրավոր է գրանցվել: Սակայն ըստ ANAMA-ի հրապարակած նոր տվյալների՝ զոհերի թիվն աճել է՝ հասնելով 500-ի, վիրավորներինը՝ 3000-ի։

Սրանք արհեստական թվեր են, քանի որ հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական մամուլը, ինչպես նաև ՊՆ մամուլի ծառայությունը որևէ տեղեկություն չեն հաղորդել ականների պայթյունի ու զոհերի մասին, բացի այդ էլ, տեսականորեն անհնար է, որ ոչ մարտական պայմաններում մայիսից մինչև հուլիսի սկիզբ ականներից զոհվի 131, վիրավորվի՝ 979 մարդ, և դա աննկատ մնա։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի ականազերծման գործակալության տնօրենի հակահայ հայտարարությունը ներքին լսարանի համար հերթական քարոզչությունն է, որն ուղղված էր սեփական թերացումներն ու կեղծված տվյալները կոծկելուն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *