3 զոհ, 2 վիրավոր՝ անցյալ շաբաթվա կորուստներն ադրբեջանական զորքերում

Ապրիլի 18-ին Աղդամի հատվածի զորամասերից մեկում զինծառայող Սաբուխա Օսմանլուի տաբելային զենքից արձակված գնդակի պատճառով հրազենային վնասվածքներ են ստացել զինվորներ Էլշադ Հատամովը և Մովլուդ Մուրթուզալիևը (ծնվ. 1994թ.): Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը զենքի հետ անզգույշ վարվելն է: Վիրավորներն այժմ հոսպիտալում են, միջադեպը հետաքննվում է:

Ապրիլի 19-ին Նախիջևանի զինդատախազությունը հայտնել էր, որ շարքային Շահվերդիև Ռաֆայել Ալի օղլուն (զորակոչվել էր Սադարակի շրջանից 2012-ի ապրիլին) իր տաբելային զենքից կրակել և սպանել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մամեդով Էլշան Մուբարիզ օղլուին: Գործը հարուցվել է՝ համաձայն Քրեական օրենսգրքի 120.2.4 (առանձնակի դաժանությամբ կատարված կանխամտածված սպանություն) և 120.2.9 (հանցագործի համար հայտնի անձի անօգնական վիճակում գտնվող կանխամտածված սպանություն) հոդվածների:

Հաջորդ օրը, ապրիլի 20-ին Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Գուլիև Էմին Իլղար օղլուն (ծնվ. 1994 թվ.), որը զորակոչվել էր 2013-ի հունվարին Քյափազի շրջանից, մահացել է սեփական տաբելային զենքից արձակված գնդակից: Միջադեպի առնչությամբ Սումգայիթի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել՝ ինքնասպանության դրդելու հոդվածով:
Եւս մեկ օր անց, ապրիլի 21-ին՝ վաղ առավոտյան, Ղազախի շրջանի N զորամասում ոչ մարտական զոհ է գրանցվել: Նախնական տեղեկության համաձայն՝ ինքնասպանություն է գործել շարքային Գուլիև Հիսմեթ Վելի օղլուն (զորակոչվել էր 2012-ի հուլիսին):

Եթե հավատանք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին, ապա տարվա սկզբից՝ Ադրբեջանի ԶՈՒ զոհերը 28-ն են, վիրավորները՝ 25-ը:

Չնայած նրան, որ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) վերջերս ականազերծման աշխատանքներ էր իրականացնում, որոնք լայնորեն գովազդվում էին ադրբեջանական մամուլում, անցյալ շաբաթ Ադրբեջանում ականի պայթյունից կրկին քաղաքացիական զոհ է գրանցվել: Ապրիլի 15-ին Ղազախի շրջանի սահմանամերձ Խանլըգլար գյուղի բնակիչ Ադիլ Վելիևը (ծնվ. 1990 թ.) մահացել է սահմանակից անտառում՝ ականի պայթյունից: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչությունը հաստատում է, որ դին դուրս է բերվել անտառից:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 7-ին նույն Խանլըգլար գյուղից Սաբիր Քերիմովը զոհվել էր նույնպես ականի պայթյունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *