Ուկրաինայի ՌԾՈւ-ն ստացել է թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը

Հուլիսի 15-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերին է փոխանցվել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը՝ համաձայն 2020 թ. վերջին Ուկրաինայի ՌԾՈւ համար թուրքական MİLGEM կորվետների և բարելավված բնութագրերով Bayraktar-ների մատակարարման մասին երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության։

Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Bayraktar TB2-ները կհսկեն Սև և Ազովի ծովերում Ուկրաինայի ջրային և առափնյա սահմանները:

Այս խմբաքանակով Ուկրաինան ստացել է Բայրաքթարների արդիականացված տարբերակը, որոնց գործողության շառավիղը 300 կմ է՝ նախկին 150 կմ-ի փոխարեն։ ԱԹՍ-ները հագեցած են MAM-L կառավարվող հրթիռներով։ Այժմ անօդաչուների օպերատորական կազմն ուսուցման նպատակով Թուրքիայում է։

Նշենք, որ փետրվարի 16-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Օլեքսեյ Նեիժպապան հայտարարել էր, որ Ուկրաինան մինչև 2021 թ․ վերջը ստանալու է թուրքական Bayraktar ԱԹՍ-երի լիարժեք համակարգեր, որոնք ներառում են կառավարման կայաններ, տվյալների փոխանցման համար ցամաքային տերմինալային համալիրներ։

Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ թուրքական ԱԹՍ-ներն Ուկրաինան օգտագործում է Ռուսաստանի դեմ որպես զսպող ուժ, և եթե ՌԴ-ն Կիևի դեմ լայնամասշտաբ բախման կամ հարձակման գնա, ապա պաշտպանության համար ԱԹՍ-ներն Ուկրաինայի ցանկացած շրջանում կօգտագործվեն։

Հավելենք, որ Ուկրաինայի Զինված ուժերի սպառազինությունում արդեն իսկ առկա են թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ-ներ, որոնց գնման պայմանագրի մասին հայտնի էր դարձել 2018 թվականին։ Խոսքը 6 միավոր ԱԹՍ-ի, երեք կառավարման կայանի և կից սարքավորումների մասին է։ Իսկ 2020 թ․ նոյեմբերի 26-ին Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը հայտարարել էր ևս 5 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ գնելու մտադրության մասին։


Bayraktar TB2 ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Գործողության շառավիղը՝ մինչև 300կմ,
Թռիչքային առավելագույն զանգվածը՝ 700կգ,
Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
Թռիչքի տևողությունը՝ մինչև 30ժ,
Թևերի բացվածքը՝ 12մ,
Երկարությունը՝ 6,5մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *