2020 թ․ դեկտեմբերի 14-ին Թուրքիան և Ուկրաինան ստորագրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար 4 միավոր «ԱԴԱ» դասի կորվետների (հետախուզական, պահակային և սուզանավերի դեմ կռվող ռազմանավ) համատեղ արտադրության մասին պայմանագիր։
Այս մասին հայտնում է Defense Türk մասնագիտացված կայքը։
Համաձայն պայմանագրի՝ չորս կորվատներից մեկը կկառուցվի Թուրքիայում, իսկ մյուս երեքը՝ ուկրաինական «Օկեան» (“Океан”) նավաշինական գործարանում։
«Օկեան» գործարանի շուկայավարման բաժնի պետ Միկոլա Գապաևն ասել է, որ նրանք ակնկալում են ստորագրել կառուցվող ռազմանավերի հիմնական պայմանագիրը մինչև սույն թվականի ապրիլ ամիսը։ Բացի այդ՝ Ուկրաինան ցանկանում է կորվետները շահագործման հանձնելուց հետո դրանց վրա օգտագործել սեփական տուրբիններն ու ուղղաթիռները։
Նշենք, որ վերջին տարիներին Ուկրաինայի և Թուրքիայի միջև խորացել է համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում։ 2021 թ․ հունվարի 26-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի ղեկավարության և թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար Մաքինա» (BAYKAR MAKİNA) ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել էր Ուկրաինայի ՌԾՈւ համար բարելավված բնութագրերով Bayraktar TB2 ԱԹՍ-ների գնման և մատակարարման, նավատորմում դրանց օգտագործման առանձնահատկությունների, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ հարցեր: