Թուրքիայի ՊՆ-ն ու ԱԳՆ-ն չհայտարարված այցով մեկնել են Լիբիա

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերն ու Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը չհայտարարված այցով մեկնել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային թեմաները։ Թուրքիայի ՊՆ-ն էլ լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ բացի Աքարից ու Գյուլերից, Լիբիա մեկնած պատվիրակության կազմում է գեներալ Գյոքսել Քահյան, ով հայտնի է Լիբիայում Թուրքիայի ԶՈւ այլ սպաների հետ միասին Bayraktar TB2 ԱԹՍ-ների համակարգմամբ: Նույն գործառույթով Քահյան ներգրավվել էր Արցախյան պատերազմում ադրբեջանական կողմից օգտագործվող ԱԹՍ-ների գործունեությանը։

Նշենք, որ Տրիպոլին գտնվում էր նախկին «Ազգային համաձայնության կառավարության» վերահսկողության տակ, որին էլ աջակցում էր Թուրքիան։ Վերջին անգամ Հուլուսի Աքարը Լիբիա էր մեկնել 2020թ. դեկտեմբերի 26-ին։

Հիշեցնենք, որ մոտ 10 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո, Լիբիայի հակամարտող կողմերը հրադադարի պայմանագիր ստորագրեցին 2020թ. հոկտեմբերի 24-ին։ Դրանից հետո՝ 2021թ. փետրվարի 5-ին, Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում ՄԱԿ-ի գլխավորած Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումն (ԼՔԵՖ, անգլ․՝ LTDF) ընտրեց Լիբիայի ժամանակավոր վարչապետին և գործադիր խորհրդի նոր նախագահին: Իսկ այս տարվա վերջին՝ դեկտեմբերի 24-ին Լիբիայում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *