Թուրքիան նոր ռազմաբազա է կառուցելու Իրաքի հյուսիսում․ ՆԳ նախարար

«Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ ռազմական գործողությունները շարունակվելու են։ Ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքի Մեթինա շրջանում Թուրքիան ռազմաբազա է կառուցելու և իրականացնելու է տարածաշրջանի վերահսկողությունը։ Այս շրջանը վերահսկում է դեպի Քանդիլ տանող գիծը»։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այս մասին հայտարարել է Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ապրիլի 23-ից Թուրքիայի Զինված ուժերի կողմից իրականացվող “Pençe-Şimşek” («Ճանկ-Կայծակ») և “Pençe-Yıldırım” («Ճանկ-Շանթ») ռազմական գործողությունների ֆոնին։

Ի պատասխան իրաքցի անկախ պատգամավոր Մանսուր Բաեջին ասել է, որ առանց Իրաքի Կառավարության համաձայնության ռազմաբազա կառուցումն Իրաքի տարածքների բռնազավթում է, ինչն անընդունելի է։ Նրա խոսքով՝ Իրաքի հողը Թուրքիայի այգին կամ գյուղը չէ, ուստի Կառավարությունը պետք է պատշաճ ձևով արձագանքի այս հայտարարությանը։

Նշենք, որ Միջին արևելքում քրդերի ուսումնասիրմամբ զբաղվող փորձագետ Աբդուլլա Հաուեզի ուսումնասիրությամբ՝ Իրաքյան Քրդստանում Թուրքիայի Զինված ուժերն ունի առնվազն 14 ռազմաբազա, ևս 4 ռազմաբազա ունի Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MİT)։

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ հայտնել է Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմական գործողությունների արդյունքում ունեցած 7 կորստի մասին։

One response to “Թուրքիան նոր ռազմաբազա է կառուցելու Իրաքի հյուսիսում․ ՆԳ նախարար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *