Իրաքում PKK-ի դեմ գործողություններում Թուրքիայի ԶՈւ-ն կորուստ և վիրավորներ ունի

Թուրքիայի Զինված ուժերը ապրիլի 23-ի ժամը 17։40-ից սկսած Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրականացնում է “Pençe-Şimşek” («Ճանկ-Կայծակ») և “Pençe-Yıldırım” («Ճանկ-Շանթ») ռազմական գործողությունները։ Մինչ այժմ ռազմագործողությունների արդյունքում Թուրքիան հաստատել է մեկ սպանված և 6 վիրավոր զինծառայողի մասին տեղեկությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ապրիլի 25-ին սպանված մասնագիտացված սերժանտ Այգյուն Չաքարի (Aygün Çakar) մասին։

Եվս մեկ կորստի՝ Հալյուք Սերհաթ Ալդեմիրի (Haluk Serhat Aldemir) մահվան մասին հայտնել են Էդիրնեի քաղաքապետն ու Թեքիրդաղի նահանգապետը, սակայն Թուրքիայի ՊՆ-ն չի հաստատել ոչ զինծառայողի մահվան փաստը, ոչ էլ դրա կապն իրականացվող ռազմագործողությունների հետ։

Հայտնի է, որ “Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմական գործողություններին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։

Կադրեր “Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմագործողություններից

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *