Թուրքիայի ԶՈւ-ն 4 կորուստ ունի Իրաքում PKK-ի դեմ գործողություններում

Ապրիլի 28-ին Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրականացվող Pençe-Şimşek («Ճանկ-Կայծակ») և Pençe-Yıldırım («Ճանկ-Շանթ») ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ ևս մեկ զինծառայող՝ մասնագիտացված ավագ զինվոր Հյուսամեթթին Գյոքչեն (Hüsamettin Gökçe)։

Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Այսպիսով, ապրիլի 23-ին մեկնարկած ռազմագործողությունների հետևանքով Թուրքիայի Զինված ուժերի կորուստների թիվը հասավ 4-ի։ Թուրքիայի ՊՆ-ն առաջին կորստի մասին հայտնել է ապրիլի 25-ին, ևս երկու կորստի մասին՝ ապրիլի 26-ին։

“Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմական գործողություններին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *