Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ Տաջիկստանի սահմանապահ զորքերն ու ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները նռնականետերից ու ավտոմատներից կրակում են սահմանային Բաթկենի մարզի «Գոլովնոյ» ջրբաժանի ուղղությամբ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ մինչ այս պահը. Բաթկենի մարզի 3 գյուղական շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։
Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» լրատվականի Ղրղզստանի ծառայությունը։ Դեռևս երեկ՝ ապրիլի 28-ին, ղրղզական կողմը հայտարարել էր, որ Տաջիկստանի մի քանի քաղաքացի պետական սահմանի՝ վիճելի համարվող պայմանական գծից 3-4 կմ հեռավորության վրա՝ Աքսու գետի մոտակայքում, խճաքարեր են բեռնել (щебень)։ Այնուհետ տաջիկստանցի զինվորականները սահմանի էլեկտրասյուներից մեկի վրա տեսադիտարկման սարքեր են տեղադրել, որից հետո սահմանի երկու կողմում հավաքված 100-150 քաղաքացիներ քարեր են նետել միմյանց վրա։
Ապրիլի 29-ի առավոտից իրավիճակը դարձյալ լարվել է․ կողմերը դարձյալ սկսել են քարկոծել միմյանց և մեղադրել հրազենից կրակելու համար, երկու կողմից կան վիրավորներ, Ղրղզստանը պաշտոնապես հայտնել է մեկ զոհի մասին։
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ցույցեր են սկսվել, երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի տնօրենը հայտնել է, որ երեկոյան հապճեպ վերադառնում է Գերմանիայից, ուր մեկնել էր նախօրեին՝ բուժման նպատակով։
Տաջիկստանի պաշտպանության նախարարությունը ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ տեղեկությունը, թե վերջին սրացման ֆոնին Տաջիկստանը լրացուցիչ զորք է կուտակում Ղրղզստանի հետ սահմանին, չի համապատասխանում իրականությանը։ Չնայած դրան՝ վերջին ժամերին սոցցանցերում ակտիվ տարածվում են տաջիկա-ղրղզական սահմանին զինտեխնիկա, այդ թվում՝ տանկեր փոխադրելու կադրեր։
Դեռևս նախորդ շաբաթ Ղրղզստանը մեղադրել էր տաջիկստանցի սահմանապահներին՝ Ղրղզստանի երկու քաղաքացու առևանգման համար, ինչի առթիվ երկրի արտգործնախարարությունը նոտա էր փոխանցել Բիշքեկում Տաջիկստանի դեսպանին։
Նշենք, որ սահմանային լարվածությունները Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև նոր չեն․ պատճառն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրների միջև պետական սահմանի 970 կիլոմետրից միայն 504 կմ-ն է սահմանազատված։