Վերադասավորումներ և սերնդափոխություն Ադրբեջանի ԶՈւ-ում

Ադրբեջանում պաշտոնից ազատվել է պայմանականորեն «հին սերնդի» 3 բարձրաստիճան զինվորական։ Ազատումը պաշտոնապես պատճառաբանվում է տարիքով։

Պաշտոնից ազատվել են Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Զահիդ Հուսեյնովը, ով այդ պաշտոնին, ըստ մեր տեղեկությունների, նշանակվել էր 2020թ․ գարնանը, իսկ մինչ այդ զբաղեցնում էր հրթիռահրետանային զորքերի հրամանատարի պաշտոնը։ Հրթիռահրետանային զորքերի հրամանատար էր նշանակվել ավելի երիտասարդ Աղամիր Սոլթանովը։

Ազատված գեներալների թվում են նաև Ադրբեջանի ԶՈւ Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գլխավոր վարչության պետի տեղակալ – Գաղափարախոսական աշխատանքի և բարոյահոգեբանական անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևը, ինչպես նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի վերահսկողության պետ Լենքորան Ալիևը։

Նշված պաշտոններում նոր նշանակումների մասին պաշտոնական հայտարարություններ չկան, չնայած Ադրբեջանի ԶՈւ այս օղակի պաշտոններում նշանակումների մասին սովորաբար պաշտոնական հայտարարություններ չեն լինում։ Հարկ է նշել նաև, որ դեռևս թափուր է մնում Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը, իսկ ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ Ադրբեջանի ԶՈւ այլ վարչություններում էլ շարունակում են մնալ ղեկավար կազմի թափուր պաշտոններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ պաշտոնանկ էին արվել Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Խագանի Ջաբրայիլովը և 4-րդ բանակային կորպուսի համանատար, գեներալ-լեյտենանտ Ռյովշան Աքբարովը։ Վերջինս այս պահին կալանավորված է․ նրա դեմ հարուցվել է քրեական գործ 20 տարի առաջ Ուկրաինայում կատարած սպանության մեղադրանքով։

Ադրբեջանական մեդիադաշտում վերջին օրերին դեռևս «խոսակցությունների մակարդակում» շրջանառվում են նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևի հնարավոր պաշտոնանկության մասին լուրեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *