Ղրղզստանի 3 զինվորական է սպանվել Տաջիկստանի հետ սահմանային բախումների հետևանքով

Ապրիլի 30-ի դրությամբ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին ընթացող բախումների և անկարգությունների հետևանքով սպանվել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության «Բորու» ջոկատի 3 զինծառայող, ևս 20 զինծառայող վիրավոր է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Այս մասին, «Սպուտնիկ» լրատվականի ղրղզական ծառայության փոխանցմամբ, հայտարարել է երկրի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ըստ Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալների՝ ընդհանուր առմամբ սպանվել է 13 քաղաքացի, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 134 անձ։ Իր հերթին Տաջիկստանը հայտնել է 3 քաղաքացու մահվան և տասնյակ վիրավորների մասին։

Երեկ՝ ապրիլի 29-ի երեկոյան, Ղրղզստանի և Տաջիկստանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում ձեռք էր բերվել կրակի դադարեցման և զորքերը տեղակայման նախնական վայր տանելու համաձայնություն։ Սակայն գիշերվա ընթացքում կրակոցներ են հնչել Ղրղզստանի Լեյլեկ շրջանի որոշ գյուղերում, այրվել են բնակելի տներ, թեև բնակչությունն այդ տարածքից ավելի վաղ տարհանվել էր։

Ղրղզստանը նաև հերքել է երեկ տարածված լուրերն այն մասին, որ տաջիկստանցի սահմանապահները գրավել են ղրղզական մի քանի սահմանային ուղեկալ։

Հիշեցնենք, որ երեկ Ղրղզստանը հայտարարել էր, որ Տաջիկստանի սահմանապահ զորքերն ու ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները նռնականետերից ու ավտոմատներից կրակում են սահմանային Բաթկենի մարզի «Գոլովնոյ» ջրբաժանի ուղղությամբ, և մարզի 3 գյուղական շրջանում հայտարարվել էր արտակարգ դրություն։

Ղրղզական կողմի պնդմամբ՝ լարվածությունը սկսվել է նրանից, որ ապրիլի 28-ին Տաջիկստանի մի քանի քաղաքացի պետական սահմանի՝ վիճելի համարվող պայմանական գծից 3-4 կմ հեռավորության վրա՝ Աքսու գետի մոտակայքում, խճաքարեր են բեռնել (щебень)։ Այնուհետ տաջիկստանցի զինվորականները սահմանի էլեկտրասյուներից մեկի վրա տեսադիտարկման սարքեր են տեղադրել, որից հետո սահմանի երկու կողմում հավաքված 100-150 քաղաքացիներ քարեր են նետել միմյանց վրա։

Դեռևս նախորդ շաբաթ Ղրղզստանը մեղադրել էր տաջիկստանցի սահմանապահներին՝ Ղրղզստանի երկու քաղաքացու առևանգման համար, ինչի առթիվ երկրի արտգործնախարարությունը նոտա էր փոխանցել Բիշքեկում Տաջիկստանի դեսպանին։

Նշենք, որ սահմանային լարվածությունները Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև նոր չեն․ պատճառն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրների միջև պետական սահմանի 970 կիլոմետրից միայն 504 կմ-ն է սահմանազատված։

Հավելենք նաև, որ Տաջիկստանն ու Ղրղզսատանը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) անդամ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *