Ապրիլի 14-ի գիշերը հարվածներ են եղել Իրաքյան Քրդստանի կենտրոն Էրբիլ քաղաքի միջազգային օդանավակայանում տեղակայված ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի ռազմաբազայի վրա: Ավելի ուշ էլ հրթիռային հարվածներ են եղել Էրբիլից մի փոքր արևմուտք` Բեշիքա բնակավայրում տեղակայված թուրքական ռազմաբազայի վրա, ինչի արդյունքում 1 թուրք զինծառայող սպանվել է:
Քրդական Kurdistan24-ի փոխանցմամբ՝ Էրբիլի բազայի վրա անօդաչու թռչող սարքից պայթուցիկներ են նետվել, ինչից հետո օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան:
Թուրքիայի ՊՆ-ն էլ նշել է, որ Բեշիքայի ուղղությամբ ընդհանուր արձակվել է 3 հրթիռ, որից 1-ն ընկել է ռազմաբազայի վրա, մյուս երկուսը` բնակավայրի մեջ:
Ըստ Reuters միջազգային լրատվական գործակալության` զինված խմբավորումներից մեկը, որը կապվում է Իրանի հետ, պատասխանատվություն է ստանձնել երկու հարձակման համար, սակայն խմբավորման անունը չի նշվում:
Նշենք, որ Էրբիլի օդանավակայանում տեղակայված կոալիցիոն բազայի ուղղությամբ հրթիռային հարվածներ էին եղել նաև այս տարվա փետրվարի 16-ին: Այն ժամանակ բազայի ուղղությամբ 10-ից ավելի հրթիռ էր արձակվել, որից 3-ը ընկել էին բազայի վրա, ինչի արդյունքում 1 ոչ ամերիկացի պայմանագրային սպանվել էր, կար նաև 8 վիրավոր:
Հիշեցնենք նաև, որ Բեշիքա շրջան թուրքական զինված ուժերը ներխուժել էին 2015թ դեկտեմբերին` պատճառաբանելով, որ «ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարելու համար պետք է մարզի Իրաքյան Քրդստանի Փեշմերգա զորքերին»: Ռազմաճամբար էին տարվել 150-հոգանոց հատուկջոկատայինների մի ստորաբաժանում և զրահատեխնիկա: Ներխուժումից հետո իրաքյան իշխանությունները բողոքեցին ու Թուրքիային 48 ժամ տվեցին իրենց տարածքից դուրս գալու համար:
Իրաքյան կողմը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ հայտարարելով, որ թուրքական զորքերի Իրաք ներխուժումն ապօրինի է, և որևէ պայմանավորվածություն չկա Իրաքի իշխանություննների հետ։ ՄԱԿ ԱԽ-ից դեկտեմբերի 18-ին կոչ արեցին երկու կողմերին խնդիրը լուծել միմյանց միջև բանակցելով։
Չնայած դեկտեմբերի 20-ին, տեղի տալով միջազգային ճնշումներին, Թուրքիան հայտարարեց, որ ամբողջությամբ դուրս է բերելու Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայված ստորաբաժանումը, սակայն այն շարունակեց մնալ «Բեշիքայում»՝ ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով։
Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ