Թուրքիայի ԶՈւ-ն տեղական «օդ-օդ» տեսակի հրթիռները կստանա 2022 թվականից

Թուրքիայի գիտական և տեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) կողմից ստեղծված տեղական արտադրության առաջին «օդ-օդ» տեսակի միջին հեռահարության «Բոզդողան» (Bozdoğan) հրթիռները Թուրքիայի զինված ուժերին կմատակարարվեն 2022 թվականից։

Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ F-16 կործանիչների վրա տեղակայված «Բոզդողան» հրթիռների առաջին փորձարկումն իրականացել է ապրիլի 7-ին: Հրթիռների թիրախ էին ընտրվել «Շիմշեք» (Şimşek) ԱԹՍ-ները: Նախատեսվում է մոտ ժամանակներում հրթիռները դնել սերիական արտադրության:

Նշենք, որ «Բոզդողան» հրթիռը «Գյոքթուղ» (GÖKTUĞ) ծրագրի շրջանակներում սկսել է մշակել  Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության գիտահետազոտական ինստիտուտը (Türkiye Savunma Sanayii Araştırma ve Geliştirme Enstitüsü – SAGE) 2013 թվականից: 2018-ին անցկացվել են հրթիռի բալիստիկ արձակման փորձարկումները:

 «Բոզդողան»-ը պետք է սերիական արտադրության դրվեր 2020 թվականին, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով այն անորոշ ժամանակով հետաձգվել էր:

«Բոզդողան»-ի հայտարարված մարտավարատեխնիկական բնութագիրը

  • քաշը՝ 140 կգ,
  • երկարությունը՝ 3.3 մ,
  • հեռահարությունը՝ 25 կմ
  • առավելագույն արագությունը՝ 4 մախից ավել (~4900կմ/ժ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *