ԱՄՆ-ն չի պատասխանել Ս-400-ների խնդրի վերաբերյալ Թուրքիայի նամակին. ՊՆ

Փետրվարի 26-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատասխանել Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգի հարցի լուծմանն ուղղված Թուրքիայի նամակին:

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Աքարը նշել է, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարմամբ պայմանավորված՝ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի դաշնակցային ոգուն:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև ասել է, որ բազմիցս առաջարկել է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին տեխնիկական համատեղելիության հարցերը քննարկելու համար ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, սակայն այդ առաջարկները չեն արժանացել հավանության:

Հիշեցնենք, որ Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսի 12-ից սկսած։ ԱՄՆ-ն բազմիցս պահանջել էր Թուրքիային չգնել Ռուսաստանից Ս-400-ները՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել: Արդյունքում Թուրքիան զրկվել է ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչները գնելու հնարավորությունից, իսկ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը չի պատրաստվում Թուրիքային կործանիչների վաճառքի արգելքը վերացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *