ԱՄՆ-ն դարձյալ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում

Փետրվարի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում՝ Ալ-Բուքամալ քաղաքի մոտակայքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից աջակցվող խմբավորումներին պատկանող ենթակառուցվածքների:

Այս մասին հայտնում է միջազգային Reuters լրատվական գործակալությունը: Ավիահարվածների թիրախ են դարձել սիրիա-իրաքյան սահմանին տեղակայված մի շարք օբյեկտներ, ինչի արդյունքում սպանվել է 17 զինյալ, ըստ աղբյուրի՝ նաև ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման անդամներ:

Նշենք, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով՝ ի պատասխան փետրվարի 15-ին Իրաքի հյուսիսում Էրբիլի միջազգային օդանավակայանի վրա ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի ուղղությամբ արձակված 14 հրթիռներին, որի արդյունքում սպանվել էր մեկ ամերիկացի զինծառայող, ևս մեկ քաղաքացիական անձ, կար 9 վիրավոր: Որոշ իրաքցի պաշտոնյաներ պնդում են, որ Իրանը կապ ունի հրթիռային հարվածների հետ:

Այսպիսով, երկար դադարից հետո ԱՄՆ-ն նորից ակտիվ գործողություն է իրականացնում Սիրիայում։ Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին դեռ 2018թ․ դեկտեմբերի 19-ին հայտարարել էր ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն ժամանակ նշվում էր, որ կոալիցիոն զորքն արդեն հաղթել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և այդ տարածքից դուրս է բերվելու 60-100 օրվա ընթացքում, սակայն, դուրսբերումն առժամանակ հետաձգվել էր։ 2019-ի հոկտեմբերի 6-ից Միացյալ Նահանգները սկսեցին Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղակայված իր ստորաբաժանումների դուրսբերումը:։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *