Թուրքիան արդիականացնում է F-16 կործանիչները. ՊԱԳՎ պետ

Թուրքիան շարունակում է արդիականացնել երկրի ԶՈւ կործանիչ ավիացիայի հիմնական ուժը համարվող 35 միավոր F-16 ինքնաթիռները։ Խոսքը մասնավորապես յուրաքանչյուր կործանիչի՝ շուրջ 1200-1500 կառուցվածքային մասնիկի վերանորոգման և վերանայման հետ կապված ինժեներական աշխատանքների մասին է։

Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմաիլ Դեմիրը։ Նա նշել է, որ նպատակ ունեն F-16-երի շահագործման ժամկետը 8․000 ժամից հասցնել 12․000 ժամի։

F-16-ների կառուցվածքային արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված է, որ 25 միավոր կործանիչ արդիականացնելու է «Թուրքիայի ավիաշինական ընկերությունը» (TUSAŞ), ևս 10-ը՝ ավիացիոն մատակարարման և սպասարկման կենտրոնի 1-ին հրամանատարությունը։

Նշենք, որ Թուրքիան կործանիչների հետ կապված դժվարություններ ունի, քանի որ Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումից հետո ԱՄՆ-ն Թուրքիային դուրս է թողել 5-րդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։ Իսկ տեղական արտադրության TF-X կործանիչների առաջին թռիչքը նախատեսվում է 2025 թ․, և դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի արդյունքներ կգրանցվեն։

Բացի այդ՝ հակասությունների պատճառով ԱՄՆ-ն դադարեցրել է F-16 կործանիչների թուրք օդաչուների վերապատրաստման դասընթացները։

F-16 Fighting Falcon կործանիչն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ F-16-ը շահագործվում է 1978-ից և առկա է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։

Այն կարող է զարգացնել մինչև 2.120 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15.240 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 11 կետ՝ տարբեր նշանակության հրթիռների և ռումբերի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *