Հունիսի 17–23-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվում է «Paris Air show–2019» ավիաշոուն, որին մասնակցում է նաև թուրքական պատվիրակությունը՝ «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունից։
Ընկերությունն այսօր առաջին անգամ Փարիզում ցուցադրել է իր TF-X 5-րդ սերնդի կործանիչի նախատիպը։ Կործանիչի առաջին թռիչքն, ըստ TAI ընկերության տնօրեն Թեմել Քոթիլի՝ նախատեսվում է 2025թ.։
Թուրքական CNN հեռուստաընկերության հրապարակած կադրերում երևում է, որ թուրքական պատվիրակությունը Փարիզում ներկայացրել է նաև «Հյուրջեթ» կործանիչը, «Գյոքբեյ» ուղղաթիռը և «Անքա» ԱԹՍ–ները:
TF-X ինքնաթիռի կառուցման մասին Թուրքիան առաջին անգամ հայտարարել է 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատում են բրիտանական BAE-ն ու «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI)։
2013-ին Թուրքիան կործանիչի ստեղծման համար համաձայնագիր էր կնքել շվեդական «Սաաբ» (Saab) ընկերության հետ: Այս գործարքը չստացվեց, ինչից հետո թուրքական կողմը համագործակցության գնաց բրիտանական BAE ընկերության հետ:
Կործանիչի շարժիչի արտադրման համար բրիտանական Rolls-Royce ընկերությունը 2017թ. մայիսի 8-ին պայմանագիր էր կնքել թուրքական Kale ընկերության հետ, սակայն 2019թ. մարտին բրիտանական ընկերությունը հայտարարեց, որ հրաժարվում է գործարքից։
Դրան զուգահեռ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) 2018թ. նոյեմբերին շարժիչների տեղական արտադրության համար պայմանագիր կնքեց թուրքական TR-Motor ընկերության հետ։
TF-X կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝
- Առավելագույն բարձրությունը՝ ~16,8 կմ
- Առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ)
- Գործողության շառավիղը՝ ~1000 կմ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27200 կգ
- Երկարությունը՝ 19 մ
- Թևերի բացվածքը՝ 12 մ