Իրանի ԻՀՊԿ-ն ազատել է Պակիստանում գերության մեջ պահվող իր զինծառայողներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանումը փետրվարի 4-ին հակահաբեկչական գործողություն է արել Պակիստանի տարածքում և գերությունից ազատել իրենց երկու սահմանապահի։ Նրանք գերեվարվել էին 2018–ին Իրանի հարավարևելյան Սիստան և Բալուջիստան նահանգում և տարվել էին Պակիստան։

Այս մասին հայտնում է իրանական Mehrnews լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ գործողությունն իրականացվել է սուննի ծայրահեղ իսլամական Ջաիշ ուլ֊Ադլ կոչվող ահաբեկչական խմբավորման դեմ։

Իրանցի նոր ազատված զինվորականները եղել են այն 12 զինծառայողի թվում, որոնք 2018–ին հոկտեմբերին գերեվարվել էին ահաբեկչական խմբավորման կողմից և տարվել Պակիստան։ Գերիներից 5-ը նույն տարում ազատվել էին Պակիստանի կառավարության ջանքերով և հանձնվել Իրանին, իսկ ևս 4-ը՝ 2019թ. մարտին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *